Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հունիսի 10-ին ժամանել է Ուկրաինայի մայրաքաղաք։ Թրյուդոն հարգանքի տուրք է մատուցել Կիևի՝ զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ: Հակամարտության սկզբից ի վեր սա Թրյուդոյի արդեն երկրորդ այցն է Ուկրաինա: Այս անգամ նրան ուղեկցում է ֆինանսների նախարար և փոխվարչապետ Խրիստիա Ֆրիլանդը։
ՇՈԼՑԸ ՊՈՒՏԻՆԻ ՀԵՏ ԶՐՈՒՑԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ
Գերմանիայի կանցլերը Ռուսաստանի նախագահի հետ զրուցելու ցանկություն է հայտնել: Օլաֆ Շոլցը Նյուրնբերգում Ավետարանական եկեղեցու համագումարի ժամանակ հայտարարել է, որ վաղուց չի շփվել Վլադիմիր Պուտինի հետ և նախատեսում է շուտով խոսել նրա հետ: Շոլցը շեշտել է, որ Վլադիմիր Պուտինը պետք է գիտակցի իրավիճակի անելանելիությունը և դուրս բերի զորքերն Ուկրիանայից: Կանցլերն ընդգծել է, որ Պուտինն էլ դեմ չէ բանակցութուններին, բայց կարևոր է հասկանալ՝ ով ում հետ պետք է բանակցի և ինչի մասին: «Ոչ ոք չպետք է դառնա իր հարևան երկրի ազդեցության գոտի»,- հայտարարել է Շոլցը՝ և հավաստիացրել՝ կշարունակի այնպես անել, որ պատերազմը չվերածվի ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև հակամարտության: Գերմանիայի կանցլերի խոսքով՝ դա սարսափելի հետևանքներ կունենա ամբողջ աշխարհի համար։ Կրեմլից արձագանքել են Շոլցի հայտարարությանը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ չի պլանավորում հեռախոսազրույց ունենալ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։
ԿԱԽՈՎԿԱՅԻ ՀԷԿ-Ի ՈՉՆՉԱՑՄԱՆ ՎՆԱՍԸ ԿԿԱԶՄԻ ՄՈՏ 14 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Ալեքսեյ Մակեևը հայտարարել է, որ Կախովկայի ՀԷԿ-ի ոչնչացման վնասը կկազմի մոտ 14 մլրդ դոլար:
Դեսպանի խոսքով՝ երկար տարիներ շահագործման համար ոչ պիտանի են դարձել ավելի քան 20 հազար հա գյուղատնտեսական նշանակության հողեր, հացահատիկի պահեստները ջրի տակ են անցել։ Նշել է, որ ձկնային տնտեսությունը ևս լուրջ վնասներ կկրի: Մակեևը նաև հայտնել է, որ այս տարի Ուկրաինայի վերականգնման ծախսերը կազմել են 14,1 մլրդ դոլար, որից 3,3 մլրդ դոլարը հատկացվել է Ուկրաինայի պետական բյուջեից։
ՎՍՏԱՀ ԵՆՔ, ՈՐ 2023-ԻՆ ԵՄ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ԿՍՏԱՆԱՆՔ. ԿՈԲԱԽԻՁԵ
Վրաստանը վստահ է, որ այս տարի ԵՄ թեկնածուի կարգավիճակ կստանա.ի տարբերություն նախորդ տարվա, արդար որոշում կկայացվի՝ հայտարարել է «Վրացական երազանք»-ի նախագահ Իրակլի Կոբախիձեն: Նա համոզմունք է հայտնել, որ իր երկիրը թեկնածուի կարգավիճակի արժանի է եղել նաև անցյալ հունիսին, Եվրահանձնաժողովն ինքն է հաստատել դա, երբ գնահատել է միավորներով: Կոբախիձեի խոսքով, իշխող կուսակցությունը հստակ կատարում է 12 հանձնարարականները։
«Դեկտեմբերին մենք ամեն կերպ պատրաստ կլինենք թեկնածուի կարգավիճակ ստանալուն: Պետք է քաղաքական որոշում կայացվի, իսկ երբ քաղաքական որոշում է կայացվում, շանսերը միշտ 50/50 են»,- շեշտել է «Վրացական երազանք»-ի նախագահը:
ԻՐԱՆՈՒՄ ՉԿԱ ՉՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹ
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունն արձագանքել է Իրանի հետ երաշխիքային համաձայնագրի վերաբերյալ ԱԷՄԳ գլխավոր զեկույցին: Իրանում չկա չհայտարարված միջուկային նյութ, և գործակալության պնդումը հիմնված է բացառապես կեղծ և անհիմն տեղեկատվության վրա, որը տրամադրել է իսրայելական անօրինական ռեժիմը՝ ասվում է հայտարարությունում:
«Չնայած գործակալության պնդումների համար հիմնավոր և վստահելի փաստաթղթերի բացակայությանը, Իրանը կամավոր լրացուցիչ ստուգումների հնարավորություն է տվել գործակալությանը, ինչը վկայում է, որ Թեհրանը պատրաստ է թափանցիկորեն աշխատել գործակալության հետ»՝ նշել են ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունից:
ՊԱՅԹՅՈՒՆ ԱՆԿԱՐԱՅԻ ՀՐԹԻՌՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆՈՒՄ. ԿԱՆ ԶՈՀԵՐ
Անկարայի Էլմա-դաղ թաղամասում գործող հրթիռների գործարանում պայթյունի հետևանքով զոհվել է հինգ մարդ։ Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալով՝ մահացածները գործարանի աշխատակիցներ են: Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։
Գործարանում պայթյունը տեղի է ունեցել հրդեհի պատճառով։ Տեղում մոբիլիզացվել են փրկարարական և շտապօգնության ծառայությունները։