Շուկայում ավելի որակյալ կոնյակ ունենալու և խաղողի մթերման ոլորտը կանոնակարգելու համար Էկոնոմիկայի նախարարությունը նախագիծ է մշակել: Առաջարկվում է կոնյակի և կոնյակի սպիրտի արտադրության ոլորտում հետագա գործունեություն իրականացնելու թույլտվություն տալ միայն այն կազմակերպություններին, որոնք կիրականացնեն պատրաստի արտադրանքի ստացման ամբողջ ցիկլը:
Գևորգ Ղազարյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարության ագրովերամշակման վարչության պետ) - Խաղողի մթերումից սկսած մինչև վերջնական արտադրանքի ապահովումը, ստացումը անհրաժեշտ համապատասսխան տեխնոլոգիական սարքավորումների և տարողությունների առկայությունը:
Նախկինում արտադրական գործունեություն սկսելու համար ընկերություններին բավարար էր միայն պետական տուրքի վճարումը և համապատասխան ծանուցման ներկայացումը:
Նախագծով նաև հստակեցվում է, որ ընկերությունները պարտավոր են ապահովել նախորդ տարվա ընթացքում իրացրած պատրաստի արտադրանքի առնվազն 55 տոկոսին համարժեք քանակությամբ խաղողի մթերում, որը, ըստ, Ղազարյանի, էականորեն կմեղմի վերջին տարիներին մթերման գործընթացում առաջացող խնդիրները: Ըստ ագրովերամշակման վարչության պետի՝ ներկայումս պաշտաճ վերահսկողություն չկա ոլորտում, և որոշ խոշոր ընկերություններ, օգտվելով իրավիճակից, որպես հումք են օգտագործում տարբեր կազմակերպություններից ձեռք բերված պատրաստի սպիրտ:
Գևորգ Ղազարյան - Խնդիրն այն է, որ ունենք մեծ արտադրողներ, որոնք վերջին մի 10-15 տարում խաղող չեն մթերել, բայց բավականին լուրջ քանակներով արտադրանքի իրացում ունեն: Հիմա մեր նպատակն է այդ կազմակերպություններին ստիպել, որ զբաղվեն նաև խաղողի մթերումներով:
Ըստ կոնյակ արտադրող խոշոր ընկերության տնօրենի՝ օրենքի կանոնակարգումը դրական ազդեցություն կունենա գյուղացիական ֆերմերային տնտեսությունների և մթերող ընկերությունների վրա: Մակար Պետրոսյանի խոսքով՝ տարիներ շարունակ խաղող մթերող մեծ ընկերությունները խնդիրներ չեն ունենա, քանի որ համապատասխան ներդրումներ վաղուց են արել։ Գործարարը կարծում է, որ փոքր ընկերություններն են որոշ ֆինանսական խնդիրներ ունենալու, որոնք, սակայն, ժամանակավոր կլինեն:
Մակար Պետրոսյան (կոնյակ արտադրող խոշոր ընկերության գլխավոր տնօրեն) - Երկար տարիների ընթացքում և երկարաժամկետ անկյան տակ եթե նայես, այդ ժամանակ մթերող կազմակերպությունները, անգամ նրանք, որոնք նոր ներդրումներ են արել, ավելի շահեկան դուրս կգան, որովհետև եթե ընկերությունդ ավելի վերազինված է, ավելի հզոր է, այնքան ավելի մրցունակ ես, և արտադրանքդ որակով է։
Նախագծի ընդունման դեպքում Էկոնոմիկայի նախարարությունը նաև կներդնի լիցենզավորման կարգ, որով կսահմանվի կոնյակի արտադրության համար անհրաժեշտ նվազագույն սարքավորումների ցանկը: Պարտադիր պահանջ է լինելու, որ խաղողի մթերումը իրականացվի էլեկտրոնային կշեռքով: Իսկ հաջորդ փուլով նախատեսվում է ստեղծել միասնական էլեկտրոնային հարթակ, որում ներառված է լինելու կողմերի միջև գործառնությունների ամբողջական շղթան:
Հեղինակ՝ Լուսինե Գրիգորյան