Արցախի փոքրիկների առօրյան հեքիաթով է լցնում «Ծիլ» տիկնիկային թատրոնը: Պատերազմից հետո բացված ստուդիայում արդեն սովորում են հինգ տասնյակ երեխաներ, դպրոցներում ու մանկապարտեզներում բեմադրում անվճար ներկայացումներ: Թատրոնից բացի ունեն նաև կրթական ծրագրեր:
«Ծիլ» տիկնիկային ստուդիան Արմեն Գաբրիելյանը հիմնադրել է 44-օրյա պատերազմից հետո: Նա 6 տարեկանից հաճախել է Շուշիի Սոս Սարգսյանի անվան մանկական թատրոնը: Ասում է՝ մանկության երազանքը դարձրել է նպատակ ու իրագործել:
Արմեն Գաբրիելյան («Ծիլ» տիկնիկային ստուդիայի հիմնադիր և ղեկավար) - Եթե իմ տարեկից երեխաները ցանկանում էին ավտոներով խաղալ և այդպիսի ինչ-որ բաների մասին էին մտածում, ես մտածում էի, որ ինչ-որ մի տարիքում ես կունենամ իմ՝ սեփական թատրոնը, և իմ թատրոնը հեքիաթ կպարգևի երեխաներին:
Տիկնիկային ստուդիան անվճար ներկայացումներ է բեմադրում Արցախի մանկապարտեզներում ու դպրոցներում: Այս անգամ Հովհաննես Թումանյանի «Բարեկենդանը» դիտելու էին եկել Մարտունու շրջանի Հերհեր գյուղի փոքրիկները:
Անուշ Պետրոսյան (մանկավարժ ) - Հաճույք ստացանք այս ամենից, և կարելի է ասել՝ ինչ-որ ակնթարթներով տեղափոխվեցինք մանկության աշխարհը:
Երեխաների մանկությունը հեքիաթային դարձնելու համար Արմենը բազմաթիվ դժվարություններ է հաղթահարել: Սուղ հնարավորություններով հիմնադրել է ստուդիան, որտեղ կրթություն է ստանում 50 երեխա: Համոզված է՝ հատկապես պատերազմից հետո շատ անելիք ունեն:
Արմեն Գաբրիելյան - Մի հարթակ, որտեղ երեխան կգա և այդ երկու ժամը կլինի հեքիաթի մեջ: Երեխան կպատրաստի տիկնիկներ՝ թղթե տիկնիկներ սկզբից, հետո արդեն ավելի պրոֆեսիոնալ, և այդ պրոֆեսիոնալ տիկնիկները կդառնան հեքիաթի լիարժեք մասնիկը:
«Ծիլ» տիկնիկայինի կրթական ծրագրում ներառված է տիկնիկավարություն, տիկնիկագործություն, բեմական խոսք, հեքիաթաթերապիա, տիկնիկաթերապիա, ազգային երգ ու պարի դասընթաց: Ուշադրության կենտրոնում են հաշմանդամություն ունեցող երեխաները:
Արմեն Գաբրիելյան - Այդ երեխաները միասին ստեղծում են հեքիաթ, դա ինքնին շատ հետաքրքիր է: Նաև ունենք այնպիսի երեխաներ, որոնք չեն կարողանում հաճախել ստուդիա. մենք ինքներս ենք հաճախում տուն և այդ երկու ժամվա այդ հեքիաթն ենք պարգևում երեխային, հեքիաթ ենք պատմում, տիկնիկ ենք պատրաստում և հեքիաթի մեջ ենք պահում այդպես երեխային:
Արցախցի երեխաները պետք է մոտ լինեն արմատներին՝ ասում է Արմենը: Ներկայացումներից հետո կազմակերպում են նաև ավանդական խաղեր, որ դրանք չմոռացվեն և շարունակեն ազգային մշակույթի մաս մնալ:
Մանուշ Գրիգորյան (մանկավարժ) - Հատկապես գյուղերում նման միջոցառումներ կազմակերպելը շատ անհրաժեշտ է, և կուզեի, որ նման միջոցառումները պարբերական լինեն:
Առաջիկայում «Ծիլ» տիկնիկային ստուդիան կհյուրընկալվի Արցախի Մարտունու շրջանի բոլոր գյուղերում: Տրանսպորտային ծախսերը հոգում է «Լորիկ» մարդասիրական հիմնադրամը:
Հեղինակ՝ Նարեկ Սահակյան