Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Եվրամիության միջնորդությունը Սերբիայի և Կոսովոյի միջև բանակցություններում, նշել՝ դրանք «դիտարկվում են աշխարհաքաղաքական հավակնությունների, սեփական սահմանների շուրջ ազդեցության նոր ոլորտներ յուրացնելու, տնտեսապես խոցելի պետությունները նորից գաղութացնելու ցանկությամբ»:
Այդ համատեքստում դիվանագետն անդրադարձել է ԵՄ միջնորդական ջանքերին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում, ինչպես նաև Հայաստանում տեղակայված ԵՄ քաղաքացիական առաքելությանը:
«Արձանագրում ենք հայ-ադրբեջանական հարաբերություններում Եվրամիության միջնորդության բացարձակապես քաղաքականացված և կոնյունկտուրային բնույթը, որտեղ առաջնայինը ոչ թե կայունացմանը նպաստելու ցանկությունն է, այլ գաղափարախոսությունն ու Ռուսաստանին դուրս մղելու ձգտումը։ Օրինակներից մեկը Հայաստանում ԵՄ առաքելության գործունեության քիչ արտահայտված արդյունքներն են»,- ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։