Հայաստանում գրանցված 117 կուսակցությունից մոտ 50-ն են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրել ֆինանսական հաշվետվություն, վեջնաժամկետը մայսի 31-ին էր: Հանձնաժողովն առաջիկայում աուդիտորական ընկերությունների մրցույթ կհայտարարի, ընտրված կազմակերպությունները կուսակցությունների ֆինանսական հաշվետվությունների աուդիտ կիրականացնեն և մինչև տարեվերջ կտան եզրակացություն: Օրենքի նոր կարգավորմամբ աուդիտ իրականացնող ընկերությունը կորոշվի վիճակահանությամբ, և ոչ թե կուսակցության ընտրությամբ, ինչպես նախկինում էր:
Կուսակցությունների մասին օրենքի այս կարգավորումներով քաղաքական ուժերի հայտարարագրերն առաջին անգամ կուսումնասիրվեն, թեպետ օրենքը դեռ նախորդ տարվանից ուժի մեջ է: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանի խոսքով՝ նախորդ տարի օրենքի պրակտիկ կիրառության ժամանակ մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ խնդիրներ բացահայտվեցին:
Արամայիս Փաշինյան (ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ) - Մենք որոշեցինք մեր կանխարգելման մանդատի շրջանակներում առաջին տարվա շրջափուլի արդյունքում բացահայտված խնդիրներին իրավական հետևանքներ չառաջացնել և համապատասխան օրենսդրական փոփոխությամբ առաջարկով դիմեցինք ԱԺ-ին, փոփոխություններն ընդունվեցին, և կարելի է ասել, որ մեր փորձի կիրառումը պիլոտային և իրազեկման բնույթ ստացավ, գույքագրեցինք բոլոր խնդիրները:
Կուսակցությունների ֆինանսական հաշվետվությունների նախորդ տարվա ուսումնասիրությունը հուսադրող չի եղել, սակայն քաղաքական ուժերի նկատմամբ համաներում է կիրառվել: Արամայիս Փաշինյանն անուններ չնշեց, բայց վստահեցրեց՝ անխտիր բոլոր կուսակցությունների ֆինանսական հաշվետվություններում բազմաթիվ խնդիրներ և օրենքի հետ անհամաձայնություններ են արձանագրել:
Արամայիս Փաշինյան - Եթե հանձնաժողովը կիրառեր օրենքով սահմանված պահանջները, բոլոր կուսակցությունները պետական ֆինանսավորման խնդիր էին ունենալու:
Փաշինյանը հիշեցրեց, որ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով նվիրատուների շրջանակ է սահմանված. չեն թույլատրվում նվիրատվություններ անանուն կամ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանցից, պետք է լինեն նվիրատուների անձնագրային տվյալները, ինչը գրեթե բոլոր քաղաքական ուժերի ֆինանսական հաշվետվություններում բացակայել է:
Արամայիս Փաշինյան - Անկանխիկ եղանակով պետք է լինեն նվիրատվություններ, բայց որոշ դեպքերում կանխիկ էին իրականացվել, իրավաբանական անձանցից նվիրատվություն չի թույլատրում, օրենքով սահմանված էր մեկ անձի առավելագույն շեմ, կային բազմաթիվ խախտումներ: Այնուհետ ոչ միայն դրամական նվիրատվությունները, այլև ոչ դրամային՝ բնամթերային, օրինակ, տարածքի անհատույց օգտագործում և այլն, պետք է ներառվի տարեկան ֆինանսական հաշվետվության, սակայն կային խախտումներ:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացուցչի խոսքով՝ հաշվետվություններում սխալ լինելու դեպքում նախատեսվում են իրավական հետևանքներ՝ ընդհուպ կուսակցության գործունեության կասեցում: Իսկ ի՞նչ է սպասվում ընդհանրապես հաշվետվություն չներկայացրած կուսակցություններին. հանձնաժողովն առաջիկայում պատշաճ ծանուցում կուղարկի, որից հետո վարույթ կհարուցվի: Ի դեպ, այստեղ ևս խնդիր կա. գրանցված շատ կուսակցություններ պետռեգիստրում ո՛չ հեռախոսահամար ունեն, ո՛չ էլեկտրոնային և ո՛չ էլ գործունեության հասցե:
Հեղինակ՝ Անի Օհանյան