Orion Worldwide Innovations գագաթնաժողովն այս տարի կանցկացվի Նյու Յորքում հունիսի 19-22-ը: Այս անգամ գագաթնաժողովը գործակցում է Էկոնոմիկայի նախարարության հետ: Գերատեսչությունը միջոցառման համակազմակերպիչն է, իսկ նախարար Վահան Քերոբյանը անձամբ կպատմի գագաթնաժողովի մասնակիցներին Հայաստանի ներդրումային գրավիչ միջավայրի ու առավելությունների մասին:
Վահան Քերոբյան (ՀՀ էկոնոմիկայի նախարար) - Այս չորս օրերի ընթացքում լինելու են բազմաթիվ հանդիպումներ ֆինանսական համակարգի, ԱյԹի ոլորտի, բազմաթիվ այլ ոլորտների ընկերությունների միջև, և դրա արդյունքում մենք հույս ունենք, որ կկարողանանք հասնել ավելի սերտացած բիզնես համագործակցության:
Orion Worldwide Innovations-ը հարթակ է, որն ընկերություններին ԱՄՆ մուտք գործելու հնարավորություն է տալիս, օգնում է մնալ մրցունակ: «Օրիոն 2023»-ը երրորդ գագաթնաժողովն է, նախորդ երկուսն անցկացվել էին Հայաստանում: Մեր երկրում «Օրիոնը» գործում է 3 տարի և այդ ընթացքում շուրջ 48 միլիոն դոլարի ներդրումներ է բերել: Այս տարի 100 ընկերություն է մասնակցում գագաթնաժողովին, 40-ից ավելին՝ Հայաստանից:
Դիանա Արզումանյան («Օրիոն վորդվայլդ ինովեյշնզ Արմենիա» հանգույցի համահիմնադիր) - Նյու Յորքի տնտեսական զարգացման ընկերության կողմից նաև կա հետաքրքրություն, նրանք նույնպես պաշտոնական կազմով մասնակցելու են մեր սամիթին և նույնպես շատ հետաքրքրված են Հայաստանի ներդրումային միջավայրի ուսումնասիրությամբ, և հնարավորություն կլինի ներկայացնել Հայաստանի ներդրումային միջավայրը, որը կներկայացվի Enterprise Armenia-ի կողմից, և հնարավոր է հետագայում քննարկումներ և բանակցություններ Հայաստանի հետ համագործակցություններ կնքելու համար:
Հայաստան-ԱՄՆ առևտրաշրջանառությունը վերջին շրջանում մեծ թափ է առել, 2022-ին առաջին անգամ ծավալը գերազանցել է 500 մլն դոլարը, գաղտնիք չէ նաև, որ հայկական շատ ստարտափներ իրենց գործունեությունն ընդլայնում են ամերիկյան շուկայում, ասում է նախարար Քերոբյանը: Նրա պնդմամբ՝ երբեմն միլիարդների հասնող գործարքներ են արվում: Շատ ամերիկյան ընկերություններ էլ Հայաստանով են հետաքրքրված:
Վահան Քերոբյան - Մենք տեսնում ենք շատ մեծ չիրացված պոտենցիալ երկու երկրների հարաբերությունների մեջ, և այդ պոտենցիալը իրացնելու լավագույն ձևերից մեկը բիզնես ֆորումների կազմակերպումն է: Այդ առումով «Օրիոն 2023» սամիթի կազմակերպումը կամ մասնակցությունը մեր համար շատ լավ առիթ է, որպեսզի մենք նոր էներգիա և նոր թափ հաղորդենք հայ-ամերիկյան տնտեսական հարաբերություններին: Հիմա էլ քննարկվելու ա նաև խոշոր բարձր տեխնոլոգիական արտադրություն Հայաստանում հիմնելու հարցը, և դա շատ կոնկրետ քննարկվելիք ծրագիր ա, եթե հաջող ստացվի, ապա մենք Հայաստանում նմանակը չունեցող արտադրություն կունենանք:
«Օրիոն» գագաթնաժողովին այս տարի կմասնակցի նաև ներդրումային քրաուդֆանդինգի հայկական առաջին հարթակը՝ ԱՌՖԻ-ն՝ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի՝ ԱՆԻՖ-ի հիմնադրած կազմակերպությունը: Հարթակն արդեն 7 ամիս է՝ գործում է, այնտեղ ներկայացված լինելու համար ավելի քան 250 ընկերություն է դիմել: 9 ընկերություն արդեն հաստատում է ստացել և առաջիկայում տեղ կգտնի ԱՌՖԻ հարթակում:
Էդգար Էվոյան (ԱՌՖԻ ներդրումային ընկերության տնօրեն) - Մեր թիրախային խմբում հենց ամենամեծ թիրախը ներդրողների տեսանկյունից ԱՄՆ-ն էր, և այս սամիթը շատ կարևոր վայր է, որ սկսենք մեր մարքեթինգային ակցիան՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան: Հայաստանն ուզում ենք դիտարկել որպես ներդրումներ անելու, շահութաբեր բիզնեսներում աջակցելու հնարավորություններն ենք ուզում ներկայացնել սամիթի շրջանակում:
Ելույթներ, պանելային քննարկումներ, այցելություններ առաջատար ընկերություններ ու բուհեր՝ գագաթնաժողովի 4 օրերի օրակարգն է: «Օրիոնն» այս տարի կներկայացնի համապարփակ գնահատման աշխարհում առաջին համակարգը: