Համահայկական ամառային 8-րդ խաղերը տեղի կունենան օգոստոսին: Բացման արարողությունը կկայանա Գյումրիում, մրցումների հիմնական մասը՝ Երևանում: Խաղերի կազմակերպման և անցկացման հարցերն այսօր քննարկել և դրանց վերաբերող որոշումներն ընդունել է գործադիր կոմիտեն:
Իշխան Զաքարյան (Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ) - Մրցումներ կանցկացվեն նաև Շիրակի մարզում, Արագածոտնի մարզում, Արարատի մարզում, Կոտայքի մարզում, և քննարկվում է մեկ կամ երկու մարզաձև նաև Տավուշի մարզում անցկացնելու խնդիրը:
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործադիր մարմնի ընդլայնված նիստում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդգծեց՝ 1999 թվականից անցկացվող խաղերը դարձել են անկախ Հայաստանի հասարակական կյանքի կարևոր բաղադրիչ:
Տիգրան Խաչատրյան (ՀՀ փոխվարչապետ) - Ավելի քան 20 տարի շարունակ սփյուռքահայ և հայաստանյան երիտասարդությանը Հայաստանում համախմբելուն զուգահեռ այս մարզական իրադարձությունն էական նշանակություն է ստացել հասարակության շրջանում առողջ ապրելակերպի արմատավորման և սպորտի մասսայականության ապահովման հարցում:
Համահայկական 8-րդ խաղերի ծրագրում կլինի շուրջ 20 մարզաձև: Գործադիր կոմիտեի անդամները, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս Հայաստանից և սփյուռքից ակտիվ մասնակցություն են ակնկալում: Արդեն հազարավոր հայտեր են ստացվել աշխարհի տարբեր ծայրերից:
Հերմինե Դուզյան (ՀԽՀԿ գործկոմի անդամ (Ֆրանսիա)) - Ֆրանսիայի անունով արդեն իսկ 100 գրանցում տվել եմ, հանձնել եմ: Քիչ առաջ, օրինակ՝ Մոնպելիեից ինձ գրավոր դիմում եկավ, որ թենիս խաղացող ունենք, անպայման ուզում է: Մենք վերցնում ենք, գրանցումներն ավարտված չեն:
Խաղերին մասնակցելու համար Հայաստան ժամանող պատվիրակություններին կուղեկցեն 1000-ից ավելի կամավորները: Գործադիր կոմիտեի որոշմամբ՝ պատվիրակության յուրաքանչյուր 10 ներկայացուցչի կցված կլինի մեկ կամավոր:
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործադիր մարմնի ընդլայնված նիստում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը վարչապետի հուշամեդալով և շնորհակալագրերով պարգևատրեց նախորդ խաղերի կազմակերպման գործում մեծ ներդրում ունեցած անձանց:
Գործադիր մարմնի որոշմամբ՝ խաղերի անցկացմանն աջակցելու համար կպարգևատրվի նաև Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան