Մեկնարկել է միասնական քննությունների երկրորդ փուլը: Այս տարի դիմորդների թիվը գերազանցում է 13 հազարը: Հանրապետությունում ձևավորվել է 15 կենտրոն, որից 4-ը՝ Երևանում: Այսօր դիմորդները քննություն են հանձնել քիմիայից և ռուսաց լեզվից:
Դիմորդների համար օրը քննական է, վաղ արթնացել ու քննական կենտրոններ են շտապել:
Նախ գրանցվում են, հետո սեղանի համարը պարզում ու տեղավորվում: Միասնական քննությունների երկրորդ փուլի առաջին օրը դիմորդները միանգամից երկու առարկայից՝ քիմիայից ու ռուսաց լեզվից են գիտելիքները ստուգում: 1446 դիմորդ է հայտագրվել: Քննությունն անցկացվում է հանրապետությունում ձևավորված 15 քննական կենտրոնում, որից 11-ը՝ մարզերում, 4-ը՝ Երևանում:
Արտյոմ Գրիգորյան (դիմորդ) - Անկեղծ ասեմ՝ 3 ժամ եմ քնել, լարվածությունից շուտ էլ արթնացել եմ:
Լարվածությունը թուլացնելու հարցում գուցե շոկոլադը օգնի: Արտյոմը Երևանի բժշկական համալսարան է դիմել՝ դիմածնոտային վիրաբույժ է ցանկանում դառնալ: Ընտանեկան ավանդույթներն է փորձում շարունակել:
Արտյոմ Գրիգորյան - Ընտանիքում շատ բժիշկներ ունենք, ես էլ լավ մոտիվացվել ու պատրաստվել եմ, տեսնենք՝ ի՛նչ կլինի, բոլորին հաջողություն եմ ցանկանում, ուզում եմ՝ բոլորն էլ իրենց նպատակին հասնեն:
Տատիկի ու հայրիկի մասնագիտությունն է ընտրել նաև Կատրինը: Վստահ է քննության եկել: Ասում է՝ լարվածությունն այս գործում միայն կխանգարի:
Կատրին Ավետիսյան (դիմորդ) - Ընդհանուր բուժֆակուլտետ, կարծում եմ՝ կոսմետոլոգիան զարգացած ա, բայց մաշկաբանությունը է՛լ ավելի է պետք զարգացնել Հայաստանում:
Նար-Դոսի անվան հիմնական դպրոցի քննասենյակներում 120 դիմորդ է քննությանը մասնակցում, բոլորն էլ քիմիա են հանձնում: Մինչև քննությունը կմեկնարկի, նախ հեռախոսներն ու պայուսակներն են մի կողմ դնում:
Նորայր Մարտիրոսյան (քննական կենտրոնի ղեկավար) - Ցանկացած կապի միջոց, նույնիսկ հեռախոս հայտնաբերեցի անջատած վիճակում՝ հեռացնելու եմ, դա մի քանի անգամ կրկնել եմ ծնողների ներկայությամբ և քննասենյակում:
Որպես վերջնական պատասխան ընտրվում է վերջին նշումը:
Քննական կարգը ներկայացնելուց ու զգուշացումներից հետո միասնական քննությունը մեկնարկեց ուղիղ 9:30-ին: 2 տարվա սովորածը վերհիշելու համար դիմորդները 3 ժամ ունեն: Այս քննական կենտրոնում 4 դիմորդ այդպես էլ քննությանը չներկայացավ: ԳԹԿ ներկայացուցչի խոսքով՝ հիմնավորման դեպքում նրանց հավելյալ հնարավորություն կտան, իսկ ովքեր այսօրվա միավորներից դժգոհ կլինեն, կարող են բողոքարկել:
Նորայր Մարտիրոսյան - Քննության հաջորդ 5 օրը, 1 օր ժամանակ ունեն բողոքարկելու համար:
Դրսում ծնողները, ոչ պակաս հուզված, հետևում են քննության ընթացքին: