Գայանե Հակոբյանի առջև գլուխ եմ խոնարհում, բայց, միևնույն ժամանակ, ասում եմ, որ օրենքի առջև բոլորը հավասար են, և յուրաքանչյուր միջադեպ ՀՀ-ում պետք է օրենքին համապատասխան գնահատական ստանա: Այդ մասին առևանգման գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետի որդի Աշոտ Փաշինյանը:
«Անկեղծ ասած՝ ծնողների հետ տարբեր առիթներով շփվել եմ, և փոխադարձ հարգանքով խոսակցություն է եղել, այդ պատճառով չեմ կարծել, որ որևիցե տգեղ միջադեպ կարող է տեղի ունենալ»,- ավելացրեց նա:
Հիշեցնենք՝ հունիսի 5-ին դատարանը, լսելով դատավարության մասնակիցների կարծիքը, որոշել էր փոխել Աշոտ Փաշինյանի առևանգման գործով մեղադրվող Գայանե Հակոբյանի նկատմամբ ընտրված տնային կալանքը և ընտրել խափանման միջոց կալանք մեկ ամիս 15 օր ժամկետով։
Մայիսի 20-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել 1 ամսով կալանավորել Գայանե Հակոբյանին:
Մինչ այդ՝ վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի առևանգման գործով մեղադրյալ Գայանե Հակոբյանի կալանքը փոխարինվել էր այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքով:
Հիշեցնենք նաև, որ ըստ Քննչական կոմիտեի՝ մայիսի 17-ին Աշոտ Փաշինյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, նշել, որ վերաքննիչ դատարանի դիմացի հատվածով քայլելիս իրեն են մոտեցել 2020 թ․ պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ծնողները: Նրանցից մի կին ներկայացել է որպես զոհված զինծառայողի մայր, առաջարկել նստել իր ավտոմեքենան, որպեսզի կարողանան հանգիստ զրուցել: Երբ նստել է մեքենան, այդ կինն իր համար անսպասելի վարել է այն, ապա նաև ասել է, որ իր տղային առանց իրեն հարցնելու տարել և սպանել են, ինքը կորցնելու ոչինչ չունի, կարող է նրան սպանել, ուստի առանց հարցնելու իրեն տանում է Եռաբլուր, որտեղ, իր էմոցիաներից ելնելով, կորոշի՝ ազատ թողնել, թե ոչ: Երբ վարորդը մեքենայի ընթացքը դանդաղեցրել է, Աշոտ Փաշինյանը դուրս է նետվել:
Դրանից վայրկյաններ հետո ուրիշ ավտոմեքենա հարվածել է իրեն: Շրջվելով նկատել է, որ ավտոմեքենայի վարորդը և ուղևորները դատարանի մոտ կանգնած ծնողներն են: