Արդարադատության միջազգային դատարանը դեռ այս տարվա փետրվարի 22-ին էր իրավաբանորեն պարտավորեցնող որոշում կայացրել Ադրբեջանի դեմ, ըստ որի` Բաքուն պետք է ձեռնարկեր անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղությամբ անխափան տեղաշարժը: Սրան հակառակ` Ադրբեջանը ոչ միայն արհամարհեց Միջազգային բարձր ատյանի որոշումը, այլև սրելով իրավիճակը՝ Լաչինի միջանցքում անցակետ դրեց: Միջազգային իրավական հարցերի Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի խոսքով՝ այս գործողությունից հետո անհրաժեշտություն առաջացավ նոր խնդրանքով դիմելու Դատարանին, որ ավելի կոնկրետացնի փետրվարի 22-ին կիրառած միջանկյալ միջոցը, և հաշվի առնելով Ադրբեջանի շարունակական հակաիրավական վարքագիծը՝ առավել հստակեցնի որոշումը:
Եղիշե Կիրակոսյան (Միջազգային իրավական հարցերի ՀՀ ներկայացուցիչ) - Էս պահի դրությամբ դիմումից հետո մենք ստացել ենք ադրբեջանական արձագանքը մեր խնդրանքի վերաբերյալ, ներկայացրել ենք նաև դրան մեր պատասխանը, ներկայացրել ենք լրացուցիչ ապացույցներ, որոնք վերջին շաբաթների ընթացքում վերջին զարգացումներն են, և էս պահի դրությամբ սպասում ենք Արդարադատության միջազգայի դատարանի որոշմանը, որը, հուսով ենք, շուտով կլինի:
Մայիսի վերջին ադրբեջանական զինված խումբը հատել էր Հայաստանի Հանրապետության սահմանը և 2 զինծառայողի առևանգել: Մայիսի 28-ին Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել Ադրբեջանի իրավասության ներքո գտնվող զինծառայողների հիմնարար իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում և պահանջել, որ միջանկյալ միջոց կիրառվի Ադրբեջանի նկատմամբ՝ զերծ մնալու հայ զինծառայողների իրավունքների խախտումներից: Հունիսի 7-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանից Հայաստանը ստացել է Ադրբեջանի կողմից Եվրոպական դատարանին ներկայացրած երկու զինծառայողի վերաբերյալ տեղեկություն՝ ներառյալ բժշկական փաստաթղթեր և պահման պայմանների մասին մանրամասներ: Ներկայում հայկական կողմը ուսումնասիրում է Բաքվի ներկայացրած տեղեկությունները.
Եղիշե Կիրակոսյան - Մինչև հունիսի 16-ը Դատարանը մեզ ժամանակ է տվել մեզ` ներկայացնելու մեր մեկնաբանությունները՝ կապված այդ փաստաթղթերի և տեղեկատվության հետ, ինչը մենք անպայման անելու ենք: Ուշի ուշով ուսումնասիրում ենք և անելու ենք ամեն ինչ, որ ապահովենք մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանությունը:
Օրեր առաջ ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը հայ գերիների մասնակցությամբ տեսանյութ էր հրապարակել: Եղիշե Կիրակոսյանի խոսքով՝ իրենց գրասենյակն այս հարցը ուսումնասիրում է, և չի բացառվում, որ այս դեպքում ևս Ադրբեջանի կողմից իրավունքի խախտման խնդիրներ լինեն:
Եղիշե Կիրակոսյան - Ուսումնասիրում ենք և կրկին, եթե անհրաժեշտություն լինի, մենք կօգտագործենք դա:
Հայաստանն Ադրբեջանի դեմ 4 միջպետական գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2 միջպետական գանգատ էլ Բաքուն է Երևանի դեմ ներկայացրել: Եղիշե Կիրակոսյանի խոսքով՝ Հայաստանի Թիվ 1 գանգատի վերաբերյալ գրավոր առարկումների փուլն ավարտվել է, առաջիկայում սպասվում են բանավոր լսումներ, սակայն այս պահին իրավական գործընթացի մեկնարկի ժամկետները դեռ հստակ չեն: