2023 թ․ հունիսի 8-ին՝ ժամը 09:39-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 08։48-ի սահմաններում, Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցի 8-րդ հասցեի դիմացի ճանապարհահատվածում «Ֆորդ Ֆոկուս» մակնիշի ավտոմեքենան բախվել է հանդիպակաց երթևեկելի գոտում՝ լուսացույցի տակ, այլ տրանսպորտային միջոցների շարքում կայանված «Տոյոտա» մակնիշի տրանսպորտային միջոցին։ Վերջինս իր հերթին բախվել է հարակից կայանված «Ջիպ» մակնիշի տրանսպորտային միջոցին, իսկ «Ֆորդ ֆոկուս» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է և բախվել թիվ 39 երթուղին սպասարկող «Գազ-32213» մակնիշի միկրոավտոբուսին։ Դրա հետևանքով «Ֆորդ ֆոկուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ստացած մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում, ՀՀ քրական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ և կատարվում է նախաքննություն: Նշանակվել են դատաբժշկական և դատաավտոտեխնիկական փորձաքննություններ:
Նույն օրը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՃՈ ծառայությունից ստացվել են դեպքն արձանագրած տեսախցիկների տեսագրությունները, որոնց զննությամբ պարզվել է, որ «Ֆորդ ֆոկուս» մակնիշի ավտոմեքենան երթևեկել է Երևան քաղաքի Գ.Լուսավորչի փողոցով՝ Բեյրութի փողոցի կողմից դեպի Ագաթանգեղոսի փողոց տանող ուղեմասի ձախ եզրային գոտով: Լուսացույցի կանաչ թույլատրող ազդանշանի առկայությամբ նշված ավտոմոբիլի վարորդը ուղիղ հատել է Գ.Լուսավորչի և Իտալիայի փողոցների խաչմերուկը, ապա նույն ուղղությամբ երթևեկել է դեպի Ագաթանգեղոսի փողոցի ուղղությամբ: Այդ ընթացքում «Ֆորդ ֆոկուս» մակնիշի ավտոմեքենային համընթաց՝ աջակողմյան գոտիներով, ընթացել են նաև այլ տրանսպորտային միջոցներ:
Նույն պահին Խորհրդարանի փողոցի կողմից դեպի Գ.Լուսավորչի փողոցի աջ եզրային գոտի է մուտք գործել ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՃՈ ծառայության ուղեկցող վաշտի ամենագնաց թափքով, կարմիր-կապույտ առկայծող փարոսիկներով կահավորված մեքենան, որի աջ կողմից Խորհրդարանի փողոցից դեպի Գ.Լուսավորչի փողոցի աջ եզրային երթևեկելի գոտի են մուտք գործել սև գույնի ամենագնաց թափքով այլ մեքենաններ: Նույն ժամանակահատվածում «Ֆորդ Ֆոկուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չունենալով երթևեկության համար իր ուղեգոտում որևէ խոչընդոտ, ձախ եզրային երթևեկելի գոտով ուղիղ երթևեկելու ժամանակ կտրուկ մանևրել է դեպի ձախ, դուրս եկել հանդիպակաց երթևեկելի ուղեմաս, բախվել է լուսացույցի արգելող ազդանշանի առկայության պայմաններում կանգնած «Տոյոտա» մակնիշի մեքենային և, գլխիվայր շրջվելով՝ շարժվել է դեպի աջ և ընդհարվել երթուղային միկրոավտոբուսին:
Զննությամբ պարզվել է, որ «Ֆորդ ֆոկուս» մակնիշի ավտոմեքենայի երթևեկությանը որևէ խոչընդոտող հանգամանք չի եղել, և եթե վարորդը շարունակեր իր երթևեկությունն ուղիղ, ապա անվտանգ կերպով կկարողանար շարունակել ընթացքը: Այսինքն, ըստ նախնական տվյալների, Խորհրդարանի փողոցից ամենագնաց թափքով այլ մեքենաների շարասյան՝ դեպի Գ.Լուսավորչի փողոցի աջ եզրային երթևեկելի գոտի մուտք գործելը որևէ կերպ չէր կարող խոչընդոտել «Ֆորդ ֆոկուս» մակնիշի ավտոմեքենայի ուղիղ ընթացքը։
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: