Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր լեռները» հուշարձանի տարածքից արցախցի մանուկներն իրենց բողոքն են արտահայտել միջազգային հանրությանը: Գրեթե կես տարի Ադրբեջանը փակ է պահում Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհը: Լաչինի միջանցքն օր առաջ բացելու պահանջով արցախցի մանուկները նամակով դիմել են Յունիսեֆին:
Կարեն Վերդյան (դպրոցական) - Ես զբաղվում եմ բասկետբոլով և շրջափակման պատճառով չեմ կարողանում գնալ Երևան մրցումների:
Մարիա Առաքելյան (դպրոցական) - Ես սիրում եմ իմ հայրենիքը և չեմ պատկերացնում իմ կյանքը` առանց Արցախի: Ուզում եմ, որ ոչ մի երեխա պատերազմ չտեսնի, և աշխարհը պաշտպանի մեր իրավունքները:
2022-ի դեկտեմբերից ի վեր անտեսված են Արցախի 30 հազար երեխայի կրթության, պատճաշ կենսամակարդակի, առողջության պահպանման և բազմաթիվ այլ իրավունքներ, ահազանգում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը՝ կոչ անելով միջազգային հանրությունը անհապաղ քայլեր ձեռնարկել:
Գեղամ Ստեփանյան (Արցախի մարդու իրավունքների պաշտպան) - 30 հազար երեխաներ, որոնք պետք է անհոգ մանկություն ապրեին, հիմա իրենց ընտանիքների հետ ամեն օր անցնում են անորոշությունների, դժվարությունների, տարբեր զրկանքների միջով: Ես ակնկալում եմ, որ միջազգային հանրության կողմից ի վերջո վերջ կդրվի անտարբերությանը:
Շրջափակման հետևանքներն առավել ծանր են առողջապահության, մասնավորապես` վերականգնողական բժշկության ոլորտում: Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի ղեկավարն ասում է՝շատ երեխաներ չեն կարողանում պատշաճ բուժում ստանալ:
Գոհար Խաչատրյան (Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար) - Խնդիր ունենք վերականգնողական կարևորագույն ծառայություններից ջրաբուժության հետ, որի գործունեությունը շուրջ 6 ամիս դադարեցվել էր գազամատակարարման ընդհատման պատճառով:
Հոգ տանել երեխաների մասին, նրանցից սովորել չհուսահատվել, Արցախի թեմի սպասավոր Ներսես քահանա Ասրյանի խորհուրդն է ակցիայի մասնակիցներին:
Ներսես քահանա Ասրյան (ՀԱԵ Արցախի թեմի սպասավոր) - Մեր երեխաներից այս կարևոր դասը կարող ենք յուրացնել՝ երբեք չհանձնվել, երբեք չդադարեցնել մեր ջանքերը հոգեպես, բարոյապես և, ինչու չէ, նաև ֆիզիկապես՝ լայն իմաստով ոտքի կանգնելու կրկին և մեր քայլերն անելու դեպի մեր ապագան:
Արցախցի երեխաներին անակնկալ էր պատրաստել «Արարիչ» բարեգործական հիմնադրամը: Ակցիայի ավարտին երեխաների համար միջոցառում է կազմակերպվել: