Թուրքիայի նախագահ Էրդողանը հանրապետության Կենտրոնական բանկի նոր ղեկավար է նշանակել Հաֆիզե Գայե Էրքանին։ Այդ մասին հայտնում է Resmi Gazete պաշտոնական թերթը:
Էրքանը դարձել է Թուրքիայի կենտրոնական բանկը գլխավորող առաջին կինը։ Նա դոկտորական դիսերտացիան պաշտպանել է Պրինսթոնի համալսարանում և լրացուցիչ ֆինանսական կրթություն ստացել Հարվարդի ու Սթենֆորդի համալսարաններում: Աշխատել է Goldman Sachs ներդրումային բանկում, եղել է First Republic Bank-ի խորհրդի անդամ։
Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ նրա նշանակումը կարող է կապված լինել Թուրքիայի ֆինանսների նոր նախարար Մեհմեդ Շիմշեքի հետ, որին վստահված է երկրի տնտեսությունում կարգուկանոն հաստատելու գործը։ Այսպիսով, հանրապետության ղեկավարության ֆինանսական բլոկում առանցքային պաշտոններն ամբողջությամբ թարմացվել են։
Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Շահապ Քավջիօղլուն նշանակվել է Թուրքիայի բանկային գործունեության կարգավորման և վերահսկողության խորհրդի ղեկավար։