Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը դրվել է հանրային քննարկման: 2022-ի փոփոխությունները, Օրենսդրական զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոնի ղեկավարի խոսքով՝ համակարգային չէին և չէին լուծում որոշ խնդիրներ: Նախորդ տարի իրականացված ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքում կազմվել է զեկույց, ըստ թեմաների քննարկվել են ընտրական համակարգի օրենսդրական ու պրակտիկ խնդիրները, փաթեթը ներկայացվել է շահագրգիռ մարմիններին:
Տիգրան Դադունց (ՀՀ ԱՆ «Օրենսդրական զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն) - Ամենակարևոր փոփոխություններից այն է, որին բախվել էինք, ռազմական, արտակարգ դրություն հայտարարելու դեպքում ո՞րն է ընտրությունների ճակատագիրը: Լուծումն այնպես է տրվել, որ ընտրությունը ոչ թե կասեցվի, այլ դադարեցվի, նոր ընտրություններ նշանակվեն:
Բացառություն կլինի, երբ կայացել է քվեարկությունը, մնացել է ձայների հաշվարկը: Գործընթացն այդ դեպքում չի դադարեցվի: Կուսակցությունները, դաշինքները, թեկնածուները գրանցվելիս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով կներկայացնեն գույքի և եկամուտների հայտարարագիր: Ֆինանսական թափանցիկության, հաշվետվողականության ապահովման համար բանկերը եռօրյա պարբերականությամբ նրանց մուտքերի, ելքերի մնացորդի վերաբերյալ տեղեկությունները կտրամադրեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին: Քարոզարշավի ընթացքում նախընտրական հիմնադրամից կատարվող ծախսերի հսկողությունը կիրականացնի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Վահագն Հովակիմյան (ՀՀ ԿԸՀ նախագահ) - ԱԺ, համամասանական ընտրակարգով ընտրությունների ժամանակ կուսակցության թե դաշինքի նախընտրական հիմնադրամը մեկ կետից մուտքի հնարավորություն ստանա՝ կուսակցության հաշվեհամարից, սա հնարավորություն է տալիս, որ այլևս ֆինանսական թափանցիկության հարցը լուծվի: Ստացվելու է, որ թեկնածուն հայտ ներկայացրեց, դարձավ ավագանի, որպես ավագանի էլ է հայտ տալու, մեկ մարմնի տիրույթում կլինի երկու փաստաթուղթ, որը կարող է համեմատել: Օրինականության վերահսկողություն, որ զարտուղի ճանապարհները փակվեն, համակարգն արդյունավետ աշխատի:
Կարգելվի քարոզչական պաստառները փակցնել տարբեր շենք-շինությունների, սյուների վրա: Դրանք պետք է տեղադրվեն բացառապես դրանց համար նախատեսված վահանակներին: Մեկ այլ փոփոխությամբ՝ այլևս կարիք չի լինի տեղեկանք վերցնել ընտրատեղամասը փոխելու համար: Անհրաժեշտ կլինի գրանցվել նոր ընտրատեղամասում, ինչից հետո բջջայինին ստացած էլեկտրոնային հաղորդագրությամբ կհավաստվի տեղամասի փոփոխությունը: Խստացվում է համամասնական ընտրացուցակում սեռային բաշխվածության պահանջը:
Տիգրան Դադունց - Լինում է, որ 70/30 համամասնությունը պահում են, հետո ընտրությունից հետո մնացած 30 տոկոս կանայք հրաժարվում են մանդատից հօգուտ հակառակ սեռի: Սկզբից ֆորմալ պահպանում են, հետո հրաժարվում են՝ պայմանավորվածությունից ելնելով: Ունենք մի վիճակ, որ կանանց ներգրավվածությունը 30 տոկոսից քիչ է: Նախատեսվում է, որ եթե թեկնածուները 30 տոկոս հրաժարվում են, ապա նրանց տեղը մնա թափուր:
Վահագն Հովակիմյան - Կսկսեն լավ աշխատել, բերելու է զարգացման, որ համամասնական ցուցակները ավագանիների ավելի խորքային և լուրջ ձևով կազմվեն, որ միայն առաջին համարը չլինի կարևոր, այլև ամբողջ ցուցակը, բոլորը: Համամասնական ցուցակի առանձնահատկությունը դա է՝ պետք է լինի ոչ թե մեկ, այլ բոլորը առաջնորդ: Որպեսզի քաղաքացիական դաշտի, համակարգի զարգացումը տեղի ունենա, այս գործիքները պետք են:
Քրեական պատասխանատվություն է նախատեսվել թեկնածուին ինքնաբացարկ ներկայացնելուն կամ մանդատից հրաժարվելուն հարկադրելու համար:
Աղասի Եսայան (Ընտրական համակարգերի միջազգային հաստատության ավագ մասնագետ) - Որքան կարևորում ենք նախագիծը, այնքան էլ գործընթացը: Այն բաց է եղել բոլորի համար, մշակման փուլում է, առաջիկա շաբաթվա ընթացքում նախատեսվում է քննարկում, ինչից հետո կուղարկվի Վենետիկի հանձնաժողով:
Մինչև հունիսի վերջ փաթեթը կներկայացվի կառավարություն: Իսկ մինչև տարեվերջ նախատեսվում է, որ նախագիծը կուղարկվի խորհրդարան: