Նախագծերի փաթեթի ընդունման նպատակն է ակցիզային հարկով հարկվող ապրանքատեսակների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերի վերանայումը, ինչպես նաև ծխախոտի արտադրանքը առավելագույն մանրածախ գնից բարձր գնով օտարելու դեպքերի համար վարչական տուգանքի սահմանումը: «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 9-ի արտահերթ նիստում:
Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նախ ներկայացրել է ակցիզային հարկի համակարգը և դրույքաչափերը` սկսած 2019 թվականից: Ըստ նրա` յուրաքանչյուր տարի համամասնորեն բարձրացել են ծխախոտի և ալկոհոլային խմիչքի դրույքաչափերն ու գները:
Նշվել է, որ օրենսդրական փաթեթով առաջարկվում է ինդեքսավորումը յուրաքանչյուր տարվա համար սահմանել 8 տոկոս. ծխախոտային արտադրանքի դրույքաչափերը բարձրացնել յուրաքանչյուր տարի 10 տոկոսով, էլեկտրական ծխախոտների դեպքում 18 և ավելի տոկոսով, օղու և էթիլային սպիրտի ակցիզային հարկի դրույքաչափերը յուրաքանչյուր տարի բարձրացնել 10 տոկոսով:
Ըստ Արման Պողոսյանի՝ ակցիզային հարկի դրույքաչափերի մոտարկումը կարևորվում է այն հանգամանքով, որ այն ուղղված է ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական շահերի պաշտպանությանը, մասնավորապես, ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության կանխմանը:
Վարչական պատասխանատվություն է նախատեսվել ծխախոտի առավելագույն մանրածախ գնից բարձր գնով ծխախոտի արտադրանք վաճառելու դեպքերի համար: Տուգանքի չափը 300.000 դրամ է:
Պատասխանելով պատգամավոր Արսեն Թորոսյանի հարցին՝ ինչո՞ւ առավել չի խստացվում հատկապես ծխախոտի արտադրանքի իրացումը՝ Արման Պողոսյանը նշել է, որ խստացումները հաճախ բացասական հետևանքների են բերում, ըստ նրա՝ բարձր գների դեպքում մարդիկ ավելի էժան և անորակ ծխախոտ են օգտագործում, ինչն առավել վնասակար է առողջությանը:
Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի հարցին՝ օրենքով ծխախոտի օգտագործումն առավել խստացնելը որքանո՞վ է նպաստել ծխողների թվի կրճատմանը, ԱԺ պատգամավոր, ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն է պատասխանել՝ նշելով. «Ակնհայտ է և ապացուցված, որ ծխախոտի գների բարձրացումը բերում է ծխողների թվի հստակ կրճատմանը»:
Ըստ հանձնաժողովի անդամ Նարեկ Ղահրամանյանի՝ 10 տոկոսով ծխախոտի գների բարձրացումը հարցը չի լուծի:
Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն առաջարկել է մրգօղիների դրույքաչափը հավասարեցնել սովորական օղու դրույքաչափին: Ըստ նրա՝ առաջարկության նպատակն արդար մրցակցության պայմանների ստեղծումն է:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանն առաջարկությունը ողջունել է և փաստել, որ այն կքննարկվի առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:
Հանձնաժողովականները կողմ են քվեարկել առաջարկությանը և դրական եզրակացություն տվել նախագծերի փաթեթին:
Կառավարության հեղինակած ««Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագծերի փաթեթի քննարկումը հիմնական զեկուցող, ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի առաջարկությամբ հետաձգվել է մինչև երկու ամիս ժամկետով:
Հիշեցնենք, որ նախորդ լիագումար նիստում խորհրդարանի որոշմամբ նախագծերի փաթեթի քննարկումը տեղափոխվել է գրավոր առաջարկությունների ներկայացման փուլ: