Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հետ տնտեսական գործակցության շրջանակում Հայաստանը բախվում է լոգիստիկ խնդիրների. Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Ցանկանում եմ ընդգծել անդամ պետությունների միջև լոգիստիկ շղթաների ամրապնդման, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման և արդիականացման հարցերում գործակցության կարևորությունը: Եվրասիական տրանսպորտային տարածքի զարգացման, առաջնահերթ ինտեգրացիոն ենթակառուցվածքային նախագծերի ձևավորման ու իրականացման, ինչպես նաև այդ նախագծերի ֆինանսավորման հատուկ մեխանիզմների մշակման համատեքստում, այդ թվում՝ այնպիսի ֆինանսական կառույցների ներուժի օգտագործման միջոցով, ինչպիսին է Եվրասիական զարգացման բանկը, Հայաստանը գործադրում է ամեն ջանք «Հյուսիս-Հարավ» և «Արևելք-Արևմուտք» ռազմավարական ուղղությունների զարգացումը խրախուսելու անհրաժեշտ պայմաններ ապահովելու համար:
Վարչապետը դրական է որակել ԵԱՏՄ ներքին շուկայում խոչընդոտների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքները, նշել, որ այս պահին Հայաստանի շուկան հասանելի է: Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի անդամները քննարկել և ստորագրել են գիտական կոչումների փոխադարձ ճանաչման վերաբերյալ փաստաթուղթը:
Նիկոլ Փաշինյան - Օրենսդրական դաշտի հետևողական կատարելագործումն այնպիսի զգայուն ոլորտներում, ինչպիսիք են գիտական աստիճանների և կոչումների մասին փաստաթղթերի, վարորդական վկայականների, էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված էլեկտրոնային փաստաթղթերի ճանաչումը, չորս ազատությունների նպատակների գործնական իրականացման կարևոր գործոն է: Այս համատեքստում, կարևոր եմ համարում գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագրի ստորագրումը, ինչը թույլ կտա աշխատանքային միգրացիայի շրջանակներում մասնագիտական գործունեություն ծավալել այն երկրում, որտեղ աշխատում են։
Ապագայում առևտրի համար նոր խոչընդոտների առաջացումը կանխելու տեսանկյունից վարչապետն առանցքային է համարել ածխածնային չեզոքության հասնելու և կանաչ օրակարգի անցնելու ուղղությամբ աշխատանքի շարունակությունը: Փաշինյանն առանձնացրել է կլիմայի փոփոխությանն ուղղված միջոցառումների առաջին փաթեթի ձևավորումը և ընդգծել, որ այս օրակարգը հիմնված է տնտեսության տեխնոլոգիական վերափոխման վրա:
Նիկոլ Փաշինյան - Թվային տեխնոլոգիաները պետությունների համար ստեղծում են մրցակցային առավելությունների աղբյուրներ։ Անդամ երկրներում «Թվային օրակարգի» և ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի ընդհանուր գործընթացների ամբողջական իրականացումը հզոր խթան կհանդիսանա թվային տնտեսության զարգացման և մեր երկրների միջև տնտեսական գործընթացների արագ իրականացման համար։ Լոգիստիկան ևս մեկ ոլորտ է, որն էական ազդեցություն ունի վերջնական օգտագործողի համար գնագոյացման վրա և պահանջում է նաև թվային լուծումներ: Նման լուծումներից է նավիգացիոն կնիքների օգտագործումը, ինչը ոչ միայն թույլ է տալիս օպտիմալացնել լոգիստիկան, ապահովել բացարձակ «թափանցիկություն» և «անխափան» փոխադրումներ, այլև հեշտացնում և արագացնում է ապրանքների առաքումը հասցեատիրոջը։
Հայաստանի վարչապետն անդրադարձել է նաև ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքմանը: Փաշինյանն ընդգծել է, որ այն հզոր խթան կդառնա ռազմավարական հարաբերությունների և գործակցության զարգացման համար։
Նիկոլ Փաշինյան - Մեր արտահանողների համար իրանական շուկա մուտքի նման պայմանները կարելի է համարել բացառիկ։ Կարծում ենք, որ այս տարի Միության անդամ երկրների աջակցությամբ մենք կկարողանանք ստորագրել այս համաձայնագիրը՝ հաշվի առնելով, որ իրանական կողմն էլ նույն տրամադրվածությունն ունի։
Անդրադառնալով Միության մասին պայմանագրի 9-րդ ամյակին` Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այս տարիների ընթացքում հնարավոր է եղել հասնել զգալի հաջողությունների: Վարչապետը վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ ջանքեր գործադրել եվրասիական ինտեգրման առաջնահերթությունների կյանքի կոչման համար:
Հեղինակ` Նորայր Շողիկյան