Արցախում մեկնարկել է նոր կտրոնների տրամադրման գործընթացը: Շրջափակումից ի վեր այստեղ առաջին անհրաժեշտության ապրանքները քաղաքացիները ձեռք են բերում կտրոններով: Արցախի պետական տեսչությունների կառավարման կոմիտեի ղեկավարի գնահատմամբ՝ պարենի համաչափ բաշխմանն ուղղված կտրոնային համակարգն, ընդհանուր առմամբ, արդարացրել է սպասելիքները:
Լևոն Սարգսյան (Արցախի պետական տեսչությունների կառավարման կոմիտեի նախագահ) - Կազմակերպեցինք կրկնակի կտրոնների տրամադրում, քանի որ բազմաթիվ մարդկանց մոտ ձեթ և շաքարավազ չկար: Եվ եթե այդ ապրանքների վերահսկողությունը չլիներ, որ կտրոններով վաճառեն, ապա նրանք կարիք չէին ունենա կրկնակի կտրոններ ձեռք բերելու:
Եթե 2022-ի դեկտեմբերին Արցախի առևտրային կետերը գրեթե դատարկ էին, ապա հիմա պարենի ընտրությունը մեծ է, նշում են քաղաքացիները: Դրան գումարվում է սեզոնային գործոնը. շուկայում նաև տեղական գյուղմթերք կա:
Կարինե Սարգսյան (Ստեփանակերտի բնակիչ) - Մենք հասկանում ենք, որ իրավիճակը շատ բարդ է մեզ մոտ, և մեծ աշխատանքներ են կատարվել, որպեսզի բարելավենք մեր վիճակը` մթերքի հետ կապված:
Վալենտինա Խաչիկյան (Ստեփանակերտի բնակիչ) - Ոչ բոլոր մարդիկ են կարողանում իրենց թույլ տալ թանկ բանջարեղեն գնել, իսկ կտրոնը լինելու դեպքում, իհարկե, պետական գներով մթերքը:
Պարենն ու առաջին անհրաժեշտության ապրանքներն Արցախ է հասնում հիմնականում ռուս խաղաղապահների միջոցով: Սկզբնական փուլում մասնավորը մրցութային կարգով մասնակցում էր պարենի ձեռքբերմանն ու մատակարարմանը: Այժմ գործընթացը կատարում է պետական կազմակերպությունը՝ սահմանված է ապրանքի իրացման գնի առավելագույն շեմ, և գները վերահսկում են պետական մարմինները: Սպառողի իրավունքների պաշտպանության համար կատարվում են դիտարկումներ, չարաշահումների դեպքում կիրառում զսպող մեխանիզմներ:
Լևոն Սարգսյան - 100-ից ավելի վարչական վարույթներ ունենք, մոտ 7 միլիոն դրամ տուգանք, նախատեսում ենք մոտ 40 վարչական վարույթի վերջնական որոշումներ: Դա մշտապես իրականացվում է ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ շրջաններում:
Արցախի իրավապահները պարբերաբար չեզոքացնում են շուկայում տարբեր ապրանքատեսակների գնաճի, անառողջ մրցակցության ու տնտեսական շահերի բախման փորձերը, երբ որոշ տնտեսավարողներ փորձում են Արցախ հասցնել ոչ առաջին անհրաժեշտության ապրանքներ և դրանք իրացնել բարձր գնով: Նման դեպքերի վերաբերյալ պարբերաբար իր ֆեյսբուքյան էջում հրապարակումներ է անում պետնախարար Գուրգեն Ներսիսյանը: