Արագածավանի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում երեկ Ս․Թ․-ի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, և նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
«Այս հոդվածը կալանք չի նախատեսում: Անձը արգելանքից ազատ է արձակվել»,- այս մասին «Լուրերին» հայտնել է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էին Քննչական կոմիտեից՝ 2023 թ. հունիսի 7-ին Ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, Արագածավան բնակավայրում գտնվող ավտոմեքենաների լվացման կետի մոտ ծագած վիճաբանության ընթացքում բնակավայրի բնակիչ Ս․ Թ․-ն գազաբալոնով գազ է փչել նույն բնակավայրի բնակիչ, 24-ամյա Ա․ Ս․-ի դեմքին, փայտով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Վերջինս ստացել է ամբուլատոր բուժօգնություն։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:
2023 թ. հունիսի 8-ին՝ ժամը 00.15-ին, Ս․ Թ․-ն ոստիկանության աշխատակիցների կողմից ներկայացվել է Թալինի քննչական բաժին:
Որոշում է կայացվել հանցանք կատարած լինելու՝ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով վերջինիս ձերբակալելու մասին:
Ա․ Ս․-ն ճանաչվել է տուժող։