Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը վերընտրվելուց հետո առաջին այցը կկատարի Կիպրոս և Ադրբեջան։ Թուրքական մամուլի տեղեկություններով՝ Բաքվում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները հանդես կգան հայտարարությամբ՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության ապահովմանը։
Վաշինգտոնը ցանկանում է Մոսկվային հեռացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացից՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Նա կարծիք է հայտնել, թե ԱՄՆ-ի նպատակն է իրեն ենթարկեցնել Ռուսաստանի դաշնակից պետություններին և խանգարել նրանց հետ գործակցությանը:
«Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համատեքստում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարություններին այլընտրանք չկա։
Միևնույն ժամանակ, Մոսկվան դեմ չէ, որ այլ երկրներ էլ նպաստեն հայ-ադրբեջանական կարգավորմանը՝ սակայն ոչ թե բառերով, այլ նաև գործուն քայլերով»,- նշել է փոխարտգործնախարարը։
Նա հավելել է, որ միջնորդական բոլոր ջանքերը չպետք է հակասեն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ձեռք բերած հիմնարար պայմանավորվածություններին, որոնք, Գալուզինի համոզմամբ, ընդհանուր առմամբ հաջողությամբ կյանքի են կոչվում:
«Ռուսական կողմը կշարունակի եռակողմ հայտարարություններին համապատասխան ջանքեր գործադրել՝ օգնելու լուծել հայ-ադրբեջանական կարգավորման համատեքստում առկա բոլոր խնդիրները, այդ թվում՝ նպաստելու խաղաղության պայմանագրի ստորագրմանը», - ասել է Գալուզինը, հավելել՝ միանգամայն բնական և տրամաբանական է, որ Բաքուն և Երևանը խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ ուղիղ քննարկումներ են անցկացնում:
CHW-Ն ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՉԽԱԽՏԵԼ ՀԱԱԳԱՅԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ
Caucasus Heritage Watch-ն անհանգստացած է Աղդամի և Մարտակերտի պատմական վայրերի մերձակայքում նոր ռազմական ենթակառուցվածքներով: Մոնիթորինգային հարթակը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել չխախտել Հաագայի կոնվենցիան և հեռացնել ռազմական օբյեկտները պատմական ժառանգության վայրերից:
«2021 թվականի ապրիլից հուլիս ընկած ժամանակահատվածում պատմական գերեզմանատանը բունկերներ են փորվել։ Դրանք վերջերս ընդլայնվել են: Ավելին՝ Նոր Մարաղայի մոտակայքում նոր բունկերներ են հայտնվել»,- ասված է Caucasus Heritage Watch-ի զեկույցում։
***
Բաքուն և Հռոմը Ադրբեջանի ռազմաօդային ուժերի համար C-27J տրանսպորտային ինքնաթիռների մատակարարման վերաբերյալ պայմանագիր են ստորագրել: Նշվում է, որ ինքնաթիռները կարող են տարբեր առաջադրանքներ կատարել քաղաքացիական անձանց պաշտպանության, հատուկ նշանակության ուժերի գործողությունների, մարդասիրական օգնության, աղետների հետևանքները հաղթահարման ընթացքում:
«Իտալիան և Ադրբեջանը նախ գործակցում էին էներգետիկ ոլորտում, իսկ այժմ մեր շփումներն ընդլայնվել են և տարածվում են պաշտպանական արդյունաբերության վրա: Այս պայմանագիրը Ադրբեջանի զինված ուժերի արդիականացման լայնածավալ ծրագրի մի մասն է»,- ասված է ընկերության հայտարարության մեջ։
***
Վորոնեժում անօդաչու թռչող սարք է կործանվել, բախվելով բնակելի շենքի, ինչի հետևանքով երեք մարդ վնասվածքներ է ստացել: Ռուսական կողմի տվյալով՝ անօդաչու սարքի թիրախը ավիաշինական գործարանն է եղել, սակայն այն խափանվել է ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերով: Քննչական կոմիտեն ահաբեկչության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել:
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է՝ «Կիևը շարունակում է հարձակումները քաղաքացիական ենթակառուցվածքների, բնակելի շենքերի վրա: Մենք պայքարում ենք, հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է», - ընդգծել է Պեսկովը:
Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովն էլ տեղեկացրել է, որ Ուկրաինայի զինված ուժերը թիրախավորել է նաև Շեբեկինսկի քաղաքը: Նրա խոսքով՝ 1 օրում Բելգորոդի ուղղությամբ ավելի քան 200 արկ է արձակվել, կան տուժածներ։
Ուկրաինան էլ հայտնում է ռուսական կողմի օդային հարվածների մասին: Երկրի պաշտպանության նախարարության տվյալով՝ գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են ռուսական 16 ԱԹՍ և 4 թևավոր հրթիռ: Օդային հարձակման հետևանքով բնակելի տներ են վնասվել Ժիտոմիրի շրջանում. կան զոհեր և վիրավորներ:
***
Մոսկվայում Ճապոնիայի դեսպան Տոյոհիշա Կոձուկին կանչվել է ՌԴ ԱԳՆ՝ Ուկրաինա ռազմական մատակարարումներ սկսելու՝ Ճապոնիայի կառավարության որոշման հետ կապված: Դիվանագիտական գերատեսչությունում նշել են, որ այդ քայլը հանգեցնում է ռազմական գործողությունների ակտիվացման և զոհերի թվի աճին։
«Ընդգծվել է, որ Ճապոնիայի վարչապետի վարչակազմը պետք է պատրաստ լինի կիսելու խաղաղ բնակիչների մահվան և Ռուսաստանի սահմանամերձ շրջանների վրա հարձակումների պատասխանատվությունը»,- նշել են ԱԳՆ-ում, զգուշացրել՝ Ճապոնիայի գործողությունները չեն կարող անհետևանք մնալ: