ԱՄՆ-ը նպատակ ունի Ռուսաստանին հեռացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացից: Այդ մասին Россия-24 հեռուստաալիքի եթերում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Միացյալ Նահանգները, իմ կարծիքով, ամենուր փորձում է հասնել նույն բանին. մի կողմից՝ դուրս մղել Ռուսաստանին, իսկ մյուս կողմից՝ իրեն ենթարկել անկախ պետությունները, որոնք Ռուսաստանի գործընկերներն ու դաշնակիցներն են, խանգարել մեր գործընկերությանն ու դաշինքին ընկերների ու հարևանների հետ»,- ասել է փոխարտգործնախարարը:
Գալուզինն ընդգծել է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումն այլընտրանք չունի։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Ռուսաստանը դեմ չէ, որ մյուս երկրներն էլ նպաստեն հայ-ադրբեջանական կարգավորմանը։ «Սակայն դա պետք է լինի ոչ թե խոսքով, այլ գործով օգնություն և համահունչ լինի այն հիմնարար պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել առաջնորդների կողմից, և որոնք, ինչպես տեսնում ենք, ընդհանուր առմամբ հաջողությամբ իրականացվում են»,- ասել է փոխարտգործնախարարը։