ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ ՆԱՏՕ-ն դեռ պետք է կոնսենսուսի հասնի դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնի հարցում։
«ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածության վերաբերյալ պայմանավորվածությունը չի ավարտվել, այդ հարցով քննարկումները կշարունակվեն։ Մենք պետք է համաձայնության գանք ՆԱՏՕ-ի շրջանակներում»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը:
ԱՄՆ նախագահը միաժամանակ ընդունել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսին Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու հնարավորությունը։ Ամերիկացի ղեկավարը դա հաստատել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի հետ Սպիտակ տանը տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսում։
ՆԱՏՕ-ի ներկա գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի մանդատը ուժի մեջ է մինչև սեպտեմբերի 30-ը։
Արևմտյան լրատվամիջոցները նշում են, որ բացի Ուոլեսից, Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարի պաշտոնին հավակնում են Նիդերլանդների, Իսպանիայի, Դանիայի, ինչպես նաև Էստոնիայի վարչապետներ Մարկ Ռյուտեն, Պեդրո Սանչեսը, Մետե Ֆրեդերիկսենը և Կայա Կալլասը։
Ավանդաբար ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում է եվրոպական երկրի քաղաքական գործիչը, սակայն Միացյալ Նահանգներն առանցքային դեր է խաղում թեկնածուի ընտրության և հաստատման հարցում: