Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին - Հարգելի՛ Նիկոլ Վովայի, մենք պարբերաբար հանդիպում ենք, շատ ուրախ եմ այսօրվա միջոցառումների շրջանակում ևս մեկ անգամ խոսելու երկկողմ հարաբերությունների ընթացիկ իրավիճակի և տարածաշրջանային հարցերի շուրջ, որոնց մասին մենք մանրամասն խոսել ենք նախորդ հանդիպման ընթացքում: Շատ ուրախ եմ տեսնել Ձեզ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան - Շնորհակալություն, հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի, առաջին հերթին ցանկանում եմ շնորհավորել Ձեզ գալիք Ռուսաստանի օրվա առիթով և մաղթել լավագույնը Ռուսաստանի Դաշնությանը: Այո՛, իսկապես, մենք պարբերաբար հանդիպում ենք և քննարկում հարցերի լայն շրջանակ: Այսօր ևս կքննարկենք երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր: Կքննարկենք նաև ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում` Լեռնային Ղարաբաղում իրավիճակը, ցավոք, այնտեղ հումանիտար իրավիճակը շարունակում է լարված մնալ: Լեռնային Ղարաբաղում արդեն մի քանի ամիս չկան գազ և էլեկտրաէներգիա, Լաչինի միջանցքում իրավիճակը շարունակում է մնալ բավականին լարված: Իմիջիայլոց, պետք է ընդգծեմ, որ այժմ մթերքների մատակարարումները Լեռնային Ղարաբաղ իրականացվում են ռուս խաղաղապահների աջակցությամբ, դա սահմանափակ քանակի մթերքներ են: Հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում շարունակվում է, և դա նույնպես շատ կարևոր հարց է, ու, վստահ եմ, այսօր կքննարկենք:
Տեղի է ունեցել նաև Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերի մասնակիցների հանդիպումը ՌԴ նախագահի հետ: