Եվրամիության երկրները դեռևս պայքարում են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցում համաձայնության գալու համար, քանի որ անդամ երկրները շարունակում են վիճել, թե որքան կոշտ պետք է լինի դրանց կիրառումը, գրում է Bloomberg-ը:
ԵՄ-ի 11-րդ պատժամիջոցների փաթեթը, որը դաշինքը հույս ուներ ընդունել անցած ամիս Ճապոնիայում անցկացված Յոթնյակի գագաթնաժողովում, նախատեսում է խստացնել սողանցքները և պայքարել պատժամիջոցների շրջանցումների դեմ: Սակայն ընդհանուր համաձայնություն այդպես էլ ձեռք չբերվեց:
Արևմուտքի նպատակն է կանխել երրորդ երկրներից՝ Արաբական Միացյալ Էմիրություններից, Հայաստանից, Ղազախստանից և Կենտրոնական Ասիայի մյուս երկրներից արգելված տեխնոլոգիաների մատակարարումը Մոսկվային, որոնք օգտագործվում են Ուկրաինայում ռազմի դաշտում հայտնված ռուսական զենքում:
Եվրահանձնաժողովը՝ ԵՄ գործադիր թևը, առաջարկել է նոր մեխանիզմ՝ թիրախավորել այն երկրներին, որոնք բավարար քայլեր չեն ձեռնարկում, որպեսզի թույլ չտան Ռուսաստանին շրջանցել արտահանման սահմանափակումները: Սակայն բոլորը չէ, որ համաձայն են այդ առաջարկին: Միության մեջ մտավախություն կա, որ երրորդ երկրներին թիրախավորելը կարող է վնասել այդ պետությունների հետ ԵՄ հարաբերություններին և նրանց ավելի մոտեցնել Ռուսաստանին: Փոխարենն առաջարկվել է պատժամիջոցներ կիրառել շրջանցումն ապահովող ընկերությունների նկատմամբ:
Ըստ պարբերականի՝ տարաձայնությունները բացահայտել են, որ ԵՄ-ը ներսում բախվում է լուրջ մարտահրավերների իր սեփական պատժամիջոցները կոշտ և հետևողական կիրառելու հարցում:
Այնուամենայնիվ, ԵՄ պաշտոնյաները հույս ունեն, որ բոլոր անհամաձայնությունները կլուծվել հաջորդ շաբաթ, գրում է Bloomberg-ը: