ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի պատվիրակության անդամներին: Ողջույնների փոխանակումից հետո ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ բազմիցս ականատես է եղել բրիտանական խմբի ակտիվ աշխատանքին, ինչը խորհրդարանականների համար լավ օրինակ է:
Ալեն Սիմոնյանը ներկայացրել է հետպատերազմյան իրավիճակը և մանրամասնել տարածաշրջանի բարդ իրադրությանն առնչվող հարցեր: Նա նշել է, որ մեր երկրում հետևում են Մեծ Բրիտանիայի խորհրդարանում տեղի ունեցող զարգացումներին և բոլոր այն խորհրդարանականների գործունեությանը, որոնք ի ցույց դրեցին 2020 թվականի պատերազմից հետո մեր տարածաշրջանում իրավիճակի ընկալման մակարդակը: «Մենք հավատում ենք, որ մեր միջազգային գործընկերների հասցեական հայտարարությունները և ճնշումը կարող են կանխել Ադրբեջանի կողմից հետագա ագրեսիան, ինչպես նաև նպաստել անպատժելիության մթնոլորտի վերացմանը»,- հավելել է Ալեն Սիմոնյանը:
ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները բրիտանացի գործընկերներին հանգամանորեն իրազեկել են արցախահայության շրջափակման, Լաչինի միջանցքի ճգնաժամի և Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական զինուժի ոտնձգությունների մասին:
Կողմերը փաստել են, որ Հայաստանը և Միացյալ Թագավորությունը ձևավորել են երկկողմ հարաբերությունների հավակնոտ օրակարգ՝ հիմնված ընդհանուր արժեքների և սկզբունքների վրա, ինչպիսիք են՝ օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունը, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը:
Հանդիպմանը քննարկվել է նաև Միջխորհրդարանական միության շրջանակում միասնական օրակարգ ունենալու անհրաժեշտությունը՝ հաջակցություն մեր երկրների ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման: