ՀԱՅԵՐԸ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՀԱՐԱԶԱՏ ԵՆ ՄԵԶ. ԼՈՒԿԱՇԵՆԿՈ
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը պետք է կարգավորվի, մենք էլ պետք է նրանց օգնենք՝ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկ ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հետ հանդիպմանը:
Ալեքսանդր Լուկաշենկո (Բելառուսի նախագահ) - Ես մեր հայ ընկերներից հայտարարություններ եմ լսում, որ ՀԱՊԿ-ում խնդիրներ կան, որոնք անհանգստացնում են Հայաստանին։ Ինչ-որ առումով դուք ճիշտ եք, բայց մի՛ խոսեք դրանց մասին: Ամեն դեպքում դուք այստեղ եք, քանի դեռ այստեղ եք, հատկապես Ռուսաստանն ուշադրությամբ է վերաբերվում ձեզ: Բայց մի նրբություն կա՝ հայերը և ադրբեջանցիները մեզ հարազատ են՝ ինչպես ձեռքի երկու մատ։
Լուկաշենկոն հավելել է, որ դեռ տարիներ առաջ անձամբ լուրջ ջանքեր է գործադրել՝ թույլ չտալու, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը սրվի:
Ալեքսանդր Լուկաշենկո - Ես Հայաստանի նախկին իշխանությանը՝ Սարգսյանին, խնդրեցի, ասացի՝ եթե այդ շրջանները ձերը չեն, և դուք դա ընդունում եք՝ տվե՛ք: Ու պատերազմ չէր լինի: Ես այն ժամանակ փորձում էի շփվել Իլհամի և Սարգսյանի հետ։ Սանկտ Պետերբուրգում էլ, հիշում եմ, Պուտինը վճռականորեն ասաց՝ եկեք հարցը լուծենք։ Ես տեսնում եմ, որ Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը փորձում են ինչ-որ ձևակերպումներ գտնել՝ այս իրավիճակից դուրս գալու համար։
Բելառուսի նախագահը եզրափակել է՝ առկա խնդիրները լուծելու համար համբերություն և շարունակական ջանքեր են անհրաժեշտ:
ՀԵՌԱԽՈՍՈՎ ԶՐՈՒՑԵԼ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ԻՐԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ
Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել: Ջեյհուն Բայրամովը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը քննարկել են երկկողմ հարաբերություններում առկա խնդիրների լուծման ուղիները: Կողմերը պայմանավորվել են շարունակել այս ուղղությամբ երկու երկրի համապատասխան կառույցների փոխադարձ շփումները։ Դիվանագետները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ:
Իրանական կողմի հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցը բավականին երկար է տևել: Նախարարներն ընդգծել են լրատվական դաշտը վերահսկելու, թյուրըմբռնումներից խուսափելու և երկու երկրի հարաբերությունները բնականոն հուն վերադարձնելու անհրաժեշտությունը: Շեշտվել է, որ Բաքու-Թեհրան գործակցությունը պետք է հիմնված լինի բարիդրացիության վրա:
ԶԵԼԵՆՍԿԻՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ԽԵՐՍՈՆՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԱՂԵՏԱԼԻ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ
Վոլոդիմիր Զելենսկին երեկոյան ուղերձում անդրադարձել է Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակի պայթեցման հետևանքով Խերսոնում ստեղծված աղետալի իրավիճակին, նշել՝ ռուսական կողմը շարունակում է հրետակոծել այն տարածքները, որտեղ խաղաղ բնակիչների տարհանում է իրականացվում: Նա հավելել է, որ մի շարք բնակավայրերում մարդիկ մնացել են առանց խմելու ջրի, սննդի և օգնության են սպասում՝ իրենց տների տանիքներին նստած:
«Ամբարտակի ոչնչացման հետևանքով վառելիքի, քիմիական նյութերի, պարարտանյութերի պահեստներ, կենդանիների գերեզմանոցներ են հեղեղվել: Կոյուղաջրերը տարածվել են ողջ շրջանով: Ավելի քան 50.000 հեկտար անտառածածկ տարածք է անցել ջրի տակ»,- մտահոգություն է հայտնել Զելենսկին:
Ուկրաինայի առողջապահության նախարարությունն էլ զգուշացրել է՝ Խերսոնի շրջանի հեղեղված տարածքներում վարակիչ հիվանդությունների, այդ թվում՝ խոլերայի բռնկման վտանգ կա։
Մինչ այդ Խերսոնի շրջանի մեծ մասը ջրի տակ է, քաղաքացիների տարհանումը շարունակվում է: Զոհերի, վիրավորներ և անհետ կորածների թիվը դեռ ճշտվում է:
ՆԵԹԱՆՅԱՀՈՒՆ ԵՎ ԲԼԻՆՔԵՆԸ ՀԵՌԱԽՈՍՈՎ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԻՐԱՆԻ ԹԵՄԱՆ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել տարբեր ոլորտներում երկկողմ շփումների զարգացման հեռանկարները՝ հայտնում է Իսրայելի վարչապետի գրասենյակը։
«Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Իսրայելի և ԱՄՆ-ի միջև ռազմական և հետախուզական գործակցության համար: Մանրամասն քննարկվել է նաև Իրանի թեման: Վարչապետը շեշտել է, որ Իրանի հետ համաձայնագրի ստորագրումը չի կանգնեցնի այդ երկրի միջուկային ծրագրերը, և որ իսրայելական կողմը կանի հնարավորը՝ սեփական պաշտպանության համար»,- ասված է հաղորդագրության մեջ։