Հայաստանի որոշ մարզերում կներդրվեն պրոբացիոն ծառայության շարժական տրանսպորտային գրասենյակներ՝ կահավորված գույքով, տեխնիկական սարքերով: Այդ նպատակով կհատկացվի 85 մլն դրամ: Գրասենյակի ծառայողները, նախապես տեղյակ պահելով շահառուներին, կշրջեն բնակության վայրերում, կհաշվառեն, կբացատրեն նրանց իրավունքներն ու պարտականությունները, կիրականացնեն պատժի կամ վերահսկողության՝ օրենքով սահմանված գործառույթներ: Արդարադատության նախարարի խոսքով՝ նպատակը նաև ոլորտում կենտրոնացված կառավարումն է:
Գրիգոր Մինասյան (ՀՀ արդարադատության նախարար) - Քաղաքները, որտեղ մեր շահառուները քիչ են, այդ քաղաքների գրասենյակները կփակվեն, և կենտրոնացումը կտեղադրվի հենց մարզային գրասենյակներում, մարզկենտրոններում: Եվս մեկ մարդատար՝ 17 տեղանոց ավտոմեքենա ենք ձեռք բերելու, որի նպատակն է նոր բացված՝ Արարատի մարզի Արարատ քաղաքում մեր պրոբացիայի կենտրոնի բարենպաստ վերականգնողական ծրագրերի իրականացումը: Դրա միջոցով էլ պրոբացիայի շահառուները, որոնք անհրաժեշտություն ունեն վերասոցիալական ծրագրերին մասնակցելու, Երևանից, մարզերից կտեղափոխվեն նոր բացված գրասենյակներ:
Նախագիծն ըստ Մինասյանի՝ բխում է Կառավարության 2021-26 թվականների ծրագրից, որն ամրագրում է՝ արդարադատության ոլորտում բերափոխումները ենթադրում են ազատազրկման ավանդական գաղափարախոսությունից անցում վերասոցիալականացման և վերականգնողական արդարադատության: Նախարարը նաև ընդգծեց, որ քրեական ոլորտը կարգավորող նոր օրենսդրությամբ՝ պրոբացիոն ծառայության գործառույթները գրեթե կրկնապատկվել են:
Գրիգոր Մինասյան - Պրոբացիայի շահառուների և ծառայողների վարույթներում գտնվող գործերի քանակի աճի շոշափելի դինամիկայով պայմանավորված՝ վելացել են նաև պրոբացիայի գործառույթների այցերը շահառուների բնակության կամ աշխատանքի, բուժօգնության և սպասարկում իրականացնող այլ վայրեր:
ՀԻՊՈԹԵԿԱՅԻՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ՝ ՆԱԵՎ ԱԱԾ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Կառավարության որոշմամբ՝ Ազգային անվտանգության մարմինների ծառայողները ևս կկարողանան օգտվել բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման կամ կառուցման մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոթեկային վարկավորման պետական նպատակային ծրագրից: Ծրագրի համար բյուջեից տարեկան կպահանջվի մոտ 157 մլն դրամ։
Տիգրան Հարությունյան (ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ) - Ինչը կնպաստի ԱԱԾ մարմինները, այդ թվում՝ սահմանապահ զորքերը որակյալ կադրերով համալրելու գործընթացին, կավելացնի ծառայության գրավչությունը: 2024-ից սկսած ամեն տարի ազգային անվտանգության մարմինների 40 ծառայողի հնարավորություն կընձեռվի բարելավել բնակարանային պայմանները:
ԱՎԵԼԻ ՔԱՆ 358 ՄԼՆ ԴՐԱՄ՝ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Գործադիրն ավելի քան 358 մլն դրամ հատկացրեց՝ Եվրոպայի և աշխարհի առաջնություններին մարզիկների մասնակցության ապահովման, միջազգային վարկանիշային մրցաշարերի կազմակերպման և անցկացման համար: Որոշումը բխում է մարզական 11 ֆեդերացիաներին և Երևանի շախմատի ֆեդերացիային լրացուցիչ գումար տրամադրելու անհրաժեշտությունից` 2023-ի Եվրոպայի և աշխարհի առաջնություններին մարզիկների լավագույն մարզավիճակում մասնակցության ապահովման, նաև միջազգային վարկանիշային մրցաշարերի կազմակերպման և անցկացման համար՝ նշեց փոխնախարար Խզմալյանը:
Արայիկ Խզմալյան (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ) - Մեծ նվաճումների սպորտում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է ապահովել մարզումային և մրցումային փուլերի շարունակականությունն ու անընդհատությունը: Սա նշանակում է, որ պետք է ավելացնել ուսումնամարզական հավաքներին, միջազգային մրցաշարերին մասնակցության թիվը: Դրանք փորձի ձեռքբերման առաջնահերթ հարթակներ են, և դրանցով որոշակիորեն երաշխավորվում են բարձր արդյունքները:
2022-ին ֆեդերացիաներին հատկացվել է լրացուցիչ 200 մլն դրամ՝ հնարավորություն տալով մարզիկներին մասնակցելու ավելի մեծ թվով հավաքների և մրցաշարերի: Արդյունքը եղել է աննախադեպ՝ 307 մեդալ. 30 տոկոսով բարձր երբևէ ունեցած ամենաբարձր ցուցանիշից: Փոխնախարարի խոսքով՝ 2023-ը նախաօլիմիպիական է, և կարևոր են աշխարհի և Եվրոպայի առաջնությունները, որոնցում խաղարկվելու են Փարիզ-2024-ի օլիմիպիական խաղերի վարկանիշները, իսկ Հունիսի 14-17-ը Երևանում կանցկացվի ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Ստեփան Սարգսյանին նվիրված՝ ազատ ոճի ըմբշամարտի 25-րդ միջազգային մրցաշարը: Մրցաշարի անցկացման համար հատկացվեց ավելի քան 49 մլն դրամ: