Չեխիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է Չեխիայի Պարդուբիցի համալսարան:
ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարի տեղակալը հանդիպել է Պարդուբիցի համալսարանի ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ, ծանոթացել չեխական ուսումնական հաստատության կրթական ծրագրերին:
Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել են ներառական կրթության զարգացմանն վերաբերյալ հարցեր։ Ներկայացնելով այս ուղղությամբ երկու երկրների փորձը՝ քննարկվել են հանրակրթության ոլորտում ներառական կրթության մատչելիության, ուսումնական հաստատություններում ուսուցչի օգնականի ինստիտուտի ներդրման արդյունավետության բարձրացման և առկա մի շարք խնդիրների կարգավորման հետ կապված հարցեր։
Նախարարի տեղակալը չեխական կողմին իրազեկել է Հայաստանի կրթության ոլորտում ընթացող բարեփոխումների մասին՝ շեշտելով, որ փոփոխությունների կարևոր ուղղություններից մեկը համընդհանուր ներառականությունն է՝ յուրաքանչյուր երեխայի համար կրթության բոլոր մակարդակներում հավասար, հասանելի և մատչելի հնարավորություններ ապահովելու նպատակով։
Կողմերն անդրադարձել են նաև կրթության ոլորտի առաջնահերթություններին՝ կարևորելով հնարավոր համագործակցության եղանակներին ու փոխանակման ծրագրերին վերաբերող հարցերը:
Նշենք, որ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Չեխիայի Հանրապետություն է մեկնել Պարդուբիցի համալսարանի ռեկտոր Լիբո Կապեկի հրավերով՝ հանդիպելու կրթության, երիտասարդության և սպորտի նախարարության ներկայացուցիչների հետ: