ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ՝ ՀՀ-ԱԴՐԲԵՋԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորումը երկու կողմին էլ պետք է ձեռնտու լինի, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հետ հանդիպմանը։
«Հակամարտությունը լուծելու համար համբերություն և շարունակական փորձեր են պետք»,- հավելել է Լուկաշենկոն։
Նա ընդգծել է՝ անհրաժեշտ է վերջ տալ ՀԱՊԿ-ի տարածքում հակամարտություններին, հատկապես զինված բախումներին։
ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՓՈՐՁԵԼ Է ՃԵՂՔԵԼ ՌԴ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ. ՇՈՅԳՈՒ
Ուկրաինական կողմը Զապորոժիեի ուղղությամբ մինչև 1,5 հազար հոգանոց ուժերով և զրահատեխնիկայով փորձել է գրոհել Ռուսաստանի Զինված ուժերի դիրքերը և ճեղքել պաշտպանությունը, հայտարարել է Սերգեյ Շոյգուն: ՌԴ պաշտպանության նախարարի խոսքով՝ ռուսական ուժերը կանխարգելիչ հարված են հասցրել հրետանու, ավիացիայի և հակատանկային միջոցներով։
Նրա խոսքով` ուկրաինական կողմը մեծաթիվ կորուստներ ունի: Զապորոժիեի շրջանը մասամբ շարունակում է մնալ Ռուսաստանի վերահսկողության տակ:
Ուկրաինական կողմն էլ հայտնում է, որ Զապորոժիեի ուղղությամբ տեղային նշանակության մարտեր են ընթացել և Ուկրաինայի զինված ուժերը որոշակի առաջընթաց են գրանցել՝ առավել նպաստավոր դիրքեր զբաղեցնելու համար։
Երկրի պաշտպանության փոխնախարար Անա Մալյարը նշել է՝ Զապորոժիեի ուղղությամբ ռուսական ուժերը պաշտպանական ակտիվ գործողություններ են իրականացնում: Մարտեր են ընթանում Դոնեցկի Վելիկայա Նովոսյոլկա բնակավայրի համար: Նրա խոսքով՝ Բախմուտում հակառակորդի գրոհները հետ են մղվել։
ԶԵԼԵՆՍԿԻՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԽԵՐՍՈՆԻ ՇՐՋԱՆ
Վոլոդիմիր Զելենսկին այցելել է Խերսոնի շրջանի՝ Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքներ: Ուկրաինայի նախագահը Կախովկայի ՀԷԿ-ում պայթյունի և դրա հետևանքների վերացման թեմայով խորհրդակցություն է անցկացրել։ Քննարկվել են անվտանգ վայրեր բնակիչների տարհանման, հեղեղված տարածքների կենսաապահովման կազմակերպման, տարածաշրջանի էկոհամակարգի բարելավման հետ կապված հարցեր:
Զելենսկին նաև հետևել է հեղեղված շրջաններից քաղաքացիների տարհանման գործընթացին:
Խերսոնի շրջանում բավական բարդ իրավիճակ է ստեղծվել:
Ռուսական կողմի վերահսկողության տակ գտնվող Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակի պայթյունից հետո Դնեպրի հոսքը տասն անգամ արագացել է, ինչը բարդացնում է Խերսոնի շրջանի հեղեղված տարածքներից մարդկանց տարհանումը: Այժմ փրկարար ուժերը ստիպված են բնակիչներին օգնության հասնել նավակներով, քանի որ ճանապարհներն ամբողջությամբ անցել են ջրի տակ:
Ռուսական կողմի տվյալով՝ Խերսոնի շրջանում հեղեղվել է ավելի քան 14 հազար տուն, 4000-ից ավելի մարդ է տարհանվել։ Կան նաև զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ:
ԱՄՆ-Ը ՄՈՏ 150 ՄԼՆ ԴՈԼԱՐ ԿՀԱՏԿԱՑՆԻ ՀԱԿԱԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՄԱՐ
Միացյալ Նահանգները մոտ 150 մլն դոլար կհատկացնի Իրաքում և Սիրիայում ահաբեկչությանը հակազդելու ծրագրերի ֆինանսավորման համար, հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ելույթ ունենալով Էր Ռիադում Իսլամական պետության դեմ պայքարի գլոբալ կոալիցիայի նախարարական հանդիպման ժամանակ։ Բլինքենի խոսքով՝ կոալիցիայի անդամները խոստացել են պայքարել ծայրահեղականության դեմ:
«Թեև մենք հաղթել ենք նրանց Սիրիայում և Իրաքում, պետք է կանխենք դրա վերածնունդը»,- նշել է պետքարտուղարը։
ԿԱՆԱԴԱՅՈՒՄ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՐԴԵՀՆԵՐ ԵՆ ՄՈԼԵԳՆՈՒՄ
Կանադայում անտառային հրդեհներ են մոլեգնում: Երկրի արտակարգ իրավիճակների նախարար Ուիլյամ Բլերը հայտնել է, որ այժմ Կանադայում հրդեհի 414 օջախ է գրանցվել, դրանց կեսից ավելիում հրդեհի տարածումը փրկարարներին դեռ չի հաջողվում կասեցնել։
Կանադայում տարհանվել է ավելի քան 26 հազար մարդ։ Առավել սաստիկ հրդեհներ են գրանցվել Ալբերտա, Քվեբեկ և Նոր Շոտլանդիա նահանգներում։
Լրատվամիջոցները հայտնում են, որ հրդեհների ծուխը հասել է նաև Նյու Յորք և ԱՄՆ-ի հյուսիս-արևելյան այլ քաղաքներ: Նյու Յորքն այժմ օդի աղտոտվածության ցուցանիշով աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում: ԱՄՆ շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության տվյալով՝ Կանադայում անտառային հրդեհների ֆոնին շուրջ 100 միլիոն ամերիկացի նախազգուշացվել է օդի ցածր որակի մասին:
ՀՈՒՐԳԱԴԱՅՈՒՄ ՇՆԱՁԿԱՆ ՀԱՐՁԱԿՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ԶԲՈՍԱՇՐՋԻԿ Է ՄԱՀԱՑԵԼ
Հուրգադայում շնաձկան հարձակման պատճառով ռուս զբոսաշրջիկ է մահացել, հայտնել է Հուրգադայում ՌԴ գլխավոր հյուպատոսը։ Լրատվամիջոցները գրում են, որ շնաձուկը հարձակվել է ջրում գտնվող զույգի վրա, կինը փրկվել է, սակայն տղամարդը մահացել: Հյուպատոսության տվյալով՝ միջադեպը տեղի է ունեցել հունիսի 8-ին Dream Beach ափի տարածքում:
Դիվանագիտական առաքելությունը Ռուսաստանի քաղաքացիներին կոչ է արել լողալիս զգոն լինել, հետևել Եգիպտոսի իշխանությունների սահմանած արգելքներին և փրկարարների ազդանշաններին:
ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՏՂԱՄԱՐԴԸ ԴԱՆԱԿՈՎ ՀԱՐՁԱԿՎԵԼ Է ԵՐԵԽԱՆԵՐԻ ՎՐԱ
Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Անսի կոմունայում՝ Եվրոպայի պարտեզներ զբոսայգում, տղամարդը դանակով հարձակվել է մի խումբ երեխաների վրա։ Տուժել է յոթ մարդ, վեցը՝ մանկահասակ երեխաներ։ Տուժածներից երեքը ծանր վիճակում են։
Հանցագործը ձերբակալվել է։ Նա 1991 թվականին ծնված սիրիացի փախստական է։ Ձերբակալության ընթացքում ոստիկանները ստիպված են եղել հրազեն կիրառել, հանցագործը վիրավորվել է։