44-օրյա պատերազմում վիրավորված տղաների բնակարանի նորոգման նախաձեռնությունը Զինվորի տանն է, ֆինանսավորում է Երևանի քաղաքապետարանը: Առաջին փուլով 10 մլն դրամով վեց բնակարանում հարմարեցնում են տարածքը, վերացնում տեղաշարժվելու հարցում դժվարությունները: Ծրագրի ավարտին կամավորները մազերում ու մայրաքաղաքում կնորոգեն Զինվորի տանքը ապաքինված եւս 10 վիրավորի բնակարան:
Շինաղբի պարկերը հուշում են՝ ներսում նորոգում է։ Այվազյանների բնակարանում վարպետներն աշխատում են աջակցության ծրագրով․ գումար չեն վերցնելու, անհրաժեշտ բոլոր շինանյութերը բերել են իրենց հետ։ Ամբողջությամբ թարմացնում են բնակարանի սանհանգույցը։
Հին «կաֆել-մետլախը» հանվել ա, նորն ա շարվում, վանն ա եղել, հիմա դա դուրս ա եկել, կանգնովի է, առանց խցիկ, որ հարմար լինի երիտասարդին․․․
Երիտասարդը Արտակն է: Ծրագրավորող է, ապրում է ծնողների, քրոջ ու պապիկի հետ։ Ընտանիքի աչքի լույսն է հատկապես այն պահից, երբ նորից կյանք վերադարձավ՝ պատերազմում որովայնի բեկորային բարդ վիրավորումից ու ներքին օրգանների լուրջ վնասումից հետո:
Արտակ Այվազյան (44-օրյա պատերազմի մասնակից - 44-օրյային սկզբից գնացել ենք Ղորաթաղ, հետո բարձրացել ենք Մատաղիս: Վիրավորումը ստացել եմ հենց Մատաղիսում, բուժումը ստացել եմ Էրեբունի բժշկական կենտրոնում, իսկ վերականգնողական պրոցեդուրաներն անցել եմ Զինվորի տանը:
Հենց Զինվորի տունն է նախաձեռնել ՄՈԲ-ով ծառայության մեկնած երիտասարդի կենցաղային պայմանների բարելավումը։ Այս փուլում շինարարական տարբեր աշխատանքեր են կատարվում, որոշներն արդեն ավարտվել են վիրավորում ունեցող 6 զինծառայողի տներում։ Բոլոր շահառուները Երևանից են, որովհետև նորոգման ծրագրի գործընկերը տվյալ դեպքում քաղաքային իշխանությունն է՝ բացատրում է նախագծի սոցիալական պատասխանատուն։
Անուշիկ Ավետիսյան («Զինվորի տան» սոցիալական ծառայության ղեկավար) - Ամբողջ ֆինանսավորումն արել է քաղաքապետարանը, 6 տան համար շուրջ 10 մլն և ավել դրամ է տվել: Մենք նոր իմացանք, որ այս 6-րդ տնից հետո ունենալու ենք շարունակություն:
Համատեղ ուժերով՝ ծրագրի նախորդ փուլը ներառյալ, Երևանում օգնել են իրենց մոտ վերականգնողական բուժում ստացած 10 զինծառայողի ընտանիքի։ Քրիստինան ամեն անգամ սարսափով է նայում ամուսնու նկարին. Ջերմուկի կողմերում՝ 21 թվականին վիրավորվելուց հետո։
Գտնվել է ծանր վիճակում՝ «Բայրաքթարն» ընկել է ուղիղ կողքը: Կուրացել ա ձախ աչքը, երկու բազուկներին բեկորներ կան, ձախ ոտքն ամբողջական չի զգում:
Սեփական տան իրենց փոքրիկ անկյունում առաջինը, ինչ արել են վարպետները, եղել է բակից կացարան իջեցնող անհարմար աստիճանավանդակը փոխելը։
Քրիստինա Բալագյոզյան - Կառուցել են բազրիքները՝ ամուսնուս համար, որպեսզի հեշտ լինի նա իջնելը: Աստիճանները վթարային էին, ամբողջը փոխվել է:
Սոցիալական ծրագրով տան նաև առաստաղն ու միջանցքի հատակն են բետոնել, դրսի դուռ տեղադրել։ Քանի որ ամուսինը երկար ժամանակ սայլակով է տեղաշարժվել՝ առաջնահերթ հատուկ հարմարեցված բաղնիք-զուգարանի խնդիրն է լուծվել։
Մեր սանհանգույցը գտնվում էր դրսում՝ անհարմար էր ամուսնուս, կատարվել է սանհանգույցի կառուցում:
Կինն ասում է՝ Վարդանը հիմա, փառք Աստծո, դժվարությամբ, բայց քայլում է։ Մեր նկարահանման պահին Վարդանն աշխատանքի էր․ առողջական խնդիրներով հանդերձ՝ թեթև գործի է անցել: Աղջիկները մեծանում են՝ ծախսեր-նպատակներ ունեն, բնակարանում ուզում են խոհանոցն առանձնացնել։
Լինի մայրաքաղաքում թե մարզերում՝ կենցաղային տարբեր հարցերով փորձում են օգնել իրենց դիմող վիրավոր զինծառայողներին, այցելում են տներ, կարիքների գնահատում կատարում՝ օժանդակության գործընթացն է բացատրում Զինվորի տան ներկայացուցիչը։
Անուշիկ Ավետիսյան - Էնպիսի տղաների ենք ընտրում, որոնց վնասվածքը չի համապատասխանում իր տան պայմաններին, որ ունի բարեկարգման և հարմարեցման խնդիր։ Այս ծրագրի շահառու են նաև այն տղաները, որոնք ապրում են սոցիալապես անապահով պայմաններում և ունեն անչափահաս երեխաներ:
Ըստ Անուշիկ Ավետիսյանի՝ բնակարանի հարմարեցման համար, ի տարբերություն Երևանի, մարզերում դեռ շատ են սայլակով տեղաշարժվող, աջակցության կարիք ունեցող զինծառայողները: