Հայաստանը պատրաստ է կողմերի ինքնիշխանության և իրավազորության սկզբունքների շրջանակում տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը: Սոչի կատարած աշխատանքային այցի ընթացքում Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը Հայաստանի դիրքորոշումը վերահաստատել է Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանի վարչապետն ընդգծել է, որ հարցի վերաբերյալ բավական շոշափելի առաջընթաց է արձանագրվել ապաշրջափակման հարցերով զբաղվող եռակողմ հանձնաժողովի վերջին նիստի ընթացքում:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Սա վերաբերում է այն հաղորդակցություններին, որոնք նշված են Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի եռակողմ հայտարարության 9-րդ կետում։ Եվ ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք կոնկրետ լուծումների գալ: Մենք մեր կոնկրետ առաջարկներն ենք առաջ քաշել, և ես հույս ունեմ, որ այդ առաջարկները կընդունվեն։ Սկզբունքորեն այնպես չէ, որ սրանք մեր առաջարկներն են, սա փոխզիջումային լուծում է, որը մենք մշակել ենք վերջին երկու տարվա ընթացքում:
Ռուսաստանի վարչապետը նշել է՝ Հարավային Կովկասում ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ համակարգային աշխատանք է տարվում՝ համաձայն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների պայմանավորվածության:
Միխայիլ Միշուստին (ՌԴ վարչապետ) - Նոր ենթակառուցվածքային ուղղությունների ստեղծումը տարածաշրջանի բոլոր երկրների շահերից է բխում:
Երկկողմ տնտեսական հարաբերությունների շրջանակում Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է Վերին Լարսում ռուսական կողմի վերակառուցման աշխատանքներով ու դրանով պայմանավորված թողունակության խնդիրներով: Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատարը հայտնել է՝ բոլոր աշխատանքներն ավարտին կհասցվեն մինչև հունիսի 15-ը:
Ռուսլան Դավիդով (ՌԴ դաշնային մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատար) - Կլինեն 39 երթևեկելի գոտիներ, որոնցից 15-ը` բեռնափոխադրումների համար: Մինչև վերակառուցումը մենք հասել էինք ռեկորդային ցուցանիշի՝ օրական 1200 բեռնատար` երկու ուղղություններով և 3500 մարդատար մեքենա։ Հիմա ակնկալում ենք, որ բեռնափոխադրման ցուցանիշն օրական 1500-ի պետք է հասնի։ Եթե այդ երթևեկելի գոտիները լինեն, կարծում եմ, որ մեկ շաբաթվա ընթացքում խցանումները կվերացնենք:
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները դաշնակցային և ռազմավարական բնույթ ունեն, նշել է Միխայիլ Միշուստինը: Ռուսաստանի վարչապետն արձանագրել է առևտրատնտեսական և ներդրումային գործակցության զգալի աճը:
Միխայիլ Միշուստին - Հունվար-ապրիլին փոխադարձ առևտրաշրջանառությունն աճել է 96 տոկոսով և կազմել գրեթե 140 մլրդ ռուբլի կամ ավելի քան 660 մլրդ դրամ: Իհարկե, կարևոր է պահպանել այդ դրական դինամիկան և փոխադարձ առևտրում դուրս գալ նոր ռեկորդային ցուցանիշների: Հայաստանում հաջողությամբ աշխատում է ռուսական կապիտալով ավելի քան 4500 ընկերություն:
Նիկոլ Փաշինյան - Իսկապես ունենք շատ լավ դինամիկա, և ուրախ եմ, որ ռուսական բիզնեսը Հայաստանի Հանրապետությունում իրեն լավ է զգում: Հիշում եմ, նախորդ տարի քննարկում էինք, թե ինչպես կարելի է ակտիվացնել տնտեսական կապերը, և երբ նայում եմ արդյունքներին` փաստում եմ, որ բազմաթիվ բաներ, որոնց մասին խոսել ենք, պայմանավորվել, արդեն կյանքի են կոչվել, ինչի համար շատ ուրախ եմ: Կա բավականին մեծ ներդրումային ակտիվություն, փոխադարձ առևտրաշրջանառությունն աճում է, հիանալի կերպով է աճում, և դա, իմիջիայլոց, օգնում է Հայաստանի տնտեսությանը, որովհետև մենք ունենք բավականին լավ տնտեսական ակտիվություն:
Կողմերն արձանագրել են առևտուրն ու ներդրումներն ավելացնելու համար եղած հնարավորություններն օգտագործելու անհրաժեշտությունը:
Միխայիլ Միշուստին - Մենք շահագրգռված ենք նոր համատեղ ծրագրերի իրականացմամբ` էներգետիկայի, արդյունաբերության, գյուղատնտեսության ոլորտներում: Ռուսական ընկերությունները պատրաստ են առաջարկել ժամանակակից լուծումներ, այդ թվում` էլեկտրոնային կառավարման ոլորտում, անվտանգ և խելացի քաղաքի կառուցման, տրանսպորտային ենթակառուցվածքների և մի շարք այլ նախագծեր:
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետների հանդիպումից հետո տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը: Միության երկրների կառավարությունների ղեկավարներն անդրադարձել են ներքին շուկայի գործունեությանը, տարբեր ոլորտներում գործակցությանը: Միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը տեղի կունենա հունիսի 8-ին:
Հեղինակ` Նորայր Շողիկյան