Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպության տնօրեն Արտակ Ստեփանյանին և կազմակերպության մարզիչներին ու մարզիկներին:
Կազմակերպությունը մտավոր հաշմանդամություն ունեցող երեխաների և մեծահասակների համար աշխարհի սպորտային ամենամեծ՝ «Special Olympics» կազմակերպության ներկայացուցիչն է Հայաստանում:
Կազմակերպության առաքելությունը մտավոր կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց համար օլիմպիական մարզաձևերում շուրջտարյա մարզումների և մրցումների անցկացումն ու հասարակությանը ինտեգրումն է:
2019 թ. Դուբայում անցկացված ամառային օլիմպիական խաղերին «Հայկական հատուկ օլիմպիադաներ» ՀԿ-ի երկու մարզիկ արժանացել են ոսկե մեդալի՝ լող և աթլետիկա մարզաձևերում:
«Հայկական հատուկ օլիմպիադաներ» ՀԿ-ն 4 մարզիկով մասնակցելու է հունիսի 17-25-ը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում կայանալիք Բեռլինի հատուկ օլիմպիադաների ամառային օլիմպիական խաղերին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են սպորտում ներառականության սկզբունքների կիրառման առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները:
Հանրապետության նախագահն ընդգծել է իր պատրաստակամությունը հնարավորինս աջակցել կազմակերպության կարևոր գործունեությանը: