2023 թվականի հունիսի 8-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Հայկական ֆիլմեր» թեմային:
Գեղաթերթիկի մարումն իրականացրին Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը, կինոռեժիսոր Միքայել Դովլաթյանը, դերասան և ՀՀ վաստակավոր արտիստ Խորեն Լևոնյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:
800 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է դրվագ «Սարոյան եղբայրներ» հայկական գեղարվեստական ֆիլմից (ռեժիսորներ՝ Խորեն Աբրահամյան, Արկադի Հայրապետյան), որը նկարահանվել է 1968 թվականին:
Գեղաթերթիկի վրա պատկերված է ֆիլմի գեղարվեստական ղեկավար և ֆիլմի գլխավոր հերոսներից մեկին՝ Հայկին, մարմնավորած Ֆրունզե Դովլաթյանը նկարահանման հրապարակում:
Գեղաթերթիկի վրա նաև պատկերված են «ՍԱՐՈՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐ» և «ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄԵՐ» գրառումները՝ հայերեն և անգլերեն: