Արդեն 1.5 տարի պետությունը զոհված զինծառայողների ծնողներին տրամադրում է փոխհատուցում փոխնակ մոր և դոնորի ծառայություններից օգտվելու համար: Ծրագրից օգտվել է շուրջ 133 շահառու, որոնցից 12-ը դիմել են փոխնակ մոր օգնությանը:
Արմեն Մարգարյան (ՀՀ ԱՍՀՆ կենսաթոշակային ապահովության և դրամական վճարների վարչության նպաստների բաժնի պետ) - 5-ն արդեն ունեցել են երեխաներ, իսկ մյուս 7-ի երեխաները չեն ծնվել: Իսկ մնացածը՝ շուրջ 121-ը, դոնորական ձվաբջջից օգտված մեր շահառուներն են, որոնք այս կամ այն պատճառով, դեռևս փոխնակ մոր ծառայությունից չեն կարողանում օգտվել:
6-րդ փոքրիկին սպասում են այս ամիս, 6 ծնունդ էլ՝ մինչև տարեվերջ: 2022 թվականի մայիսից Կառավարությունը ծրագրի իրականացման համար հատկացրել է շուրջ 98 մլն դրամ:
Արմեն Մարգարյան - Կա ծրագրի առաջին մաս և երկրորդ մաս: Առաջին մասն այն է, երբ ծնողները դիմում են Առողջապահության նախարարություն և ստանում են համապատասխան հրաման՝ օգտվելու կարգով հաստատված ծառայություններից: Որից հետո շահառու ընտանիքը բժշկական կազմակերպություն է ընտրում և անցնում համապատասխան միջոցառումներ, անհրաժեշտության դեպքում ձեռք է բերում դոնորական ձվաբջիջ և գտնում փոխնակ մայր:
Արմեն Մարգարյան - Փոխնակ մայր էնքան էլ շատ չէ ՀՀ-ում: Երբեմն գտնում են փոխնակ մայր, որի ծառայությունները շատ ավելի արժեն, քան պետությունն ու ընտանիքը կարող են փոխհատուցել: Երկրորդ դեպքում դեռևս վերջնական չեն արված նախապատրաստական գործողությունները, որոնք պետք է բերեն փոխնակ մոր ընտրության:
Կառավարության որոշմամբ սահմանվել են փոխհատուցման առավելագույն չափերը: Փոխնակ մոր ծառայությունից օգտվելու՝ պայմանագրով նախատեսված գումարը չի գերազանցում 5.5 մլն դրամը:
Արմեն Մարգարյան - Մենք ունենք պայմանագրեր, որտեղ ծնողները պայմանագիր են կնքել փոխնակ մոր հետ, գումարի չափը սահմանել են 6 մլն, 6.5 մլն: Բնականաբար, Կառավարությունը փոխհատուցելու է 5.5-ը, իսկ մնացածն ընտանիքն ինքն է փոխհատուցելու: Դոնորական ձվաբջջի ձեռքբերման համար փոխհատուցվում է պայմանագրով սահմանված գումարի չափով, բայց ոչ ավելի, քան 600 հազար դրամը:
Փոխնակ մայրերին ամեն ամիս տրամադրվում է գումար՝ մինչև 150 հազար դրամի չափով: Երեխայի ծնվելուց անմիջապես հետո նախարարությունը փոխանցում է ամսական տրամադրված գումարի և պայմանագրով նախատեսվածի տարբերությունը:
Արմեն Մարգարյան - Այսինքն՝ եթե մինչև այդ տրամադրվել է 9 ամսվա համար 900 հազար դրամ, ապա 5.5-ի տարբերությունը տրամադրվում է միանվագ:
2022-ին դոնորական ձվաբջջի համար դիմել է 99 շահառու, այս տարի արդեն՝ 22: Նախարարությունը Կառավարությանն է դիմել լրացուցիչ շուրջ 50 մլն դրամ ֆինանսավորման համար: Քննարկվում է նաև ծրագրով երեխա ունեցած շահառուներին ևս մեկ անգամ նույն ծրագրից օգտվելու հնարավորություն տալու հարցը: