Վոլոդիմիր Զելենսկին այցելել է Խերսոնի շրջանի՝ Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքներ: Ուկրաինայի նախագահը Կախովկայի ՀԷԿ-ում պայթյունի և դրա հետևանքների վերացման թեմայով խորհրդակցություն է անցկացրել։ Քննարկվել են անվտանգ վայրեր բնակիչների տարհանման, հեղեղված տարածքների կենսապահովման կազմակերպման, տարածաշրջանի էկոհամակարգի բարելավման հետ կապված հարցեր:
Զելենսկին նաև հետևել է հեղեղված շրջաններից քաղաքացիների տարհանման գործընթացին, այցելել աղետից տուժածներին:
Խերսոնի շրջանում շատ բարդ իրավիճակ է ստեղծվել: Ռուսական կողմի վերահսկողության տակ գտնվող Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակի պայթյունից հետո Դնեպրի հոսքը տասն անգամ արագացել է, ինչը բարդացնում է Խերսոնի շրջանի հեղեղված տարածքներից մարդկանց տարհանումը: Այժմ փրկարար ուժերը ստիպված են բնակիչներին օգնության հասնել նավակներով, քանի որ ճանապարհներն ամբողջությամբ անցել են ջրի տակ: Ռուսական կողմի տվյալով՝ Խերսոնի շրջանում հեղեղվել է ավելի քան 14 հազար տուն, 4000-ից ավելի մարդ է տարհանվել։ Կան նաև զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ:
ԿԱՆԱԴԱՅՈՒՄ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՐԴԵՀՆԵՐ ԵՆ ՄՈԼԵԳՆՈՒՄ
Կանադայում անտառային հրդեհներ են մոլեգնում: Երկրի արտակարգ իրավիճակների նախարար Ուիլյամ Բլերը հայտնել է, որ այժմ Կանադայում հրդեհի 414 օջախ է գրանցվել, դրանց կեսից ավելիում հրդեհի տարածումը փրկարարներին դեռ չի հաջողվում կասեցնել։ Կանադայում տարհանվել է ավելի քան 26 հազար մարդ։ Առավել սաստիկ հրդեհներ են գրանցվել Ալբերտա, Քվեբեկ և Նոր Շոտլանդիա նահանգներում։
Լրատվամիջոցները հայտնում են, որ հրդեհների ծուխը հասել է նաև Նյու Յորք և ԱՄՆ-ի հյուսիս-արևելյան այլ քաղաքներ: ԱՄՆ շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության տվյալով՝
Կանադայում անտառային հրդեհների ֆոնին շուրջ 100 միլիոն ամերիկացի նախազգուշացվել է օդի ցածր որակի մասին: Իշխանությունները կոչ են անում մարդկանց փողոց դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Նյու Յորքի քաղաքապետը կոչ է արել շուտափույթ քայլեր ձեռնարկել և ավելի ակտիվ պայքարել կլիմայի փոփոխության դեմ՝ հետագայում խուսափելու նման բնական աղետներից:
ՍԵՐԲԻԱՆ ԿԸՆԴԼԱՅՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՆ-Ի ՀԵՏ
Սերբիան կընդլայնի ռազմական գործակցությունը Վաշինգտոնի հետ՝ պահպանելով պետության չեզոք կարգավիճակը՝ հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ԱՄՆ Ազգային գվարդիայի բյուրոյի պետ, գեներալ Դենիել Հոքանսոնի հետ հանդիպման ժամանակ:
Անդրադառնալով Կոսովոյի և Մետոխիայի շուրջ վերջին զարգացումներին՝ Վուչիչը ամերիկացի պաշտոնյային մանրամասն տեղեկացրել է բռնության սրման պատճառների մասին, շնորհակալություն հայտնել ամերիկյան կողմին մասնակցության և լարվածության թուլացման հստակ ազդանշանների համար։
Ավելի վաղ Կոսովոյում լարվածությունը կտրուկ սրվել էր այն բանից հետո, երբ սերբ մեծամասնության բոյկոտի պայմաններում մի քանի քաղաքում ՏԻՄ ընտրություններ էին անցկացվել, և դրանց արդյունքում ալբանացի քաղաքապետներ էին ընտրվել, ինչի պատճառով սերբ բնակչությունը բողոքի ցույցեր էր անցկացնում: Դրանց ընթացքում բախումներ են եղել սերբ բնակիչների և ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերի միջև: Էսկալացիայի ֆոնին՝ դաշինքը Կոսովո լրացուցիչ ստորաբաժանում էր ուղարկել՝ իրավիճակը կարգավորելու նպատակով:
Կոսովոյի նախագահ Վյոսա Օսմանին էլ հայտնել է, որ տարածաշրջանի իշխանությունները չեն բացառում, որ սերբաբնակ հյուսիսային մունիցիպալիտետներում նոր ընտրություններ կարող են անցկացվել:
ՀՌՈՄԻ ՊԱՊԸ ՎԻՐԱՀԱՏՎԵԼ Է
Հռոմի պապը վիրահատվել է: Բժիշկները որոշել են, որ 86-ամյա Ֆրանցիսկոս պապը որովայնի պատի վիրահատության կարիք ունի։ Նրա վիճակը բավարար է գնահատվում: Պապը մի քանի օր կմնա հիվանդանոցում։ Պոնտիֆիկոսի առաջիկա 10 օրվա ընդունելությունները չեղարկվել են: Վերջին երկու տարվա ընթացքում սա նրա երկրորդ վիրահատությունն է։