Հունիսի 14-17-ը Երևանում կանցկացվի ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Ստեփան Սարգսյանին նվիրված՝ ազատ ոճի ըմբշամարտի 25-րդ միջազգային մրցաշարը: Կառավարությունն ընդունել է որոշում մրցաշարի կազմակերպման և անցկացման նպատակով 49460.0 հազար դրամ տրամադրելու վերաբերյալ:
Ըստ հիմնավորման՝ վերջին տարիներին ազատ ոճի ըմբշամարտ մարզաձևը գրանցել է մեծ հաջողություններ. 2023 թ. Եվրոպայի չեմպիոն են դարձել՝ Արսեն Հարությունյանը և Վազգեն Թևանյանը, 2022 թ. երիտասարդների և մինչև 23 տարեկանների աշխարհի չեմպիոն՝ Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը և երիտասարդների Եվրոպայի հաղթողներ դարձան Մուշեղ Մկրտչյանը, Լյովա Գևորգյանը: Հաշվի առնելով այս հանգամանքները, ինչպես նաև Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ավանդույթները և զարգացման ուղիները՝ միջազգային ֆեդերացիան առաջարկել է Հայաստանում անցկացնել Ստեփան Սարգսյանին նվիրված՝ ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը: Միջազգային մրցաշարին ակնկալվում է շուրջ 15 երկրի 140 մարզիկի մասնակցություն: Միջազգային մրցաշարի անցկացումն իր կարևոր տեղն ունի մարզաձևի զարգացման և մասսայականացման գործում, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետությունն ավելի ճանաչելի կդառնա միջազգային մարզական հարթակներում որպես առաջատար երկիր՝ ապահովելով երկրի մարզական հեղինակության բարձրացումը, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդումը:
Միևնույն ժամանակ այն կնպաստի մշակութային արժեքների և տուրիզմի զարգացմանը, այդ թվում՝ հյուրանոցային, մշակութային կենտրոնների և մարզական կառույցների վերականգնմանը՝ իր հերթին նպաստելով տնտեսության համընթաց զարգացմանը: