ԿԳՄՍ նախարարության բյուջեն ավելացվեց ավելի քան 358 մլն դրամով, որով կապահովվի ՀՀ մարզական ֆեդերացիների լրացուցիչ ֆինանսավորումը և 2023 թ. Եվրոպայի և աշխարհի առաջնություններին մարզիկների լավագույն մարզավիճակում մասնակցությունը: Այդ մասին Կառավարության հունիսի 8-ի նիստին տեղեկացրեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
«Մեծ նվաճումների, սպորտում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է ապահովել մարզումային և մրցումային փուլերի շարունակականությունը և անընդհատությունը: Սա նշանակում է, որ պետք է մեծացնել ուսումնամարզական հավաքներին, միջազգային մրցաշարերին մասնակցության թիվը»,- ասաց նա։
ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը նկատեց, որ 2022-ին ֆեդերացիաներին հատկացվել է լրացուցիչ 200 մլն դրամ, որով մարզիկներին հնարավորություն տրվեց ավելի մեծ թվով հավաքների և մրցաշարերի մասնակցել:
«Արդյունքները եղան աննախադեպ. նվաճեցինք 307 մեդալ՝ նախորդ տարվա 199 մեդալի փոխարեն, իսկ ընդհանուր առմամբ այս թիվը 30 տոկոսով բարձր է մեր երբևէ ունեցած ամենաբարձր ցուցանիշից»,- նշեց նախարարի տեղակալը:
Փոխնախարարն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ 2023-ը նախաօլիմպիական տարի է, և կարևոր են աշխարհի և Եվրոպայի առաջնությունները, որտեղ խաղարկվելու են Փարիզ-2024 օլիմպիական խաղերի վարկանիշները: