Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի փառքի ուղին սկսվեց Արամ Խաչատրյան հանճարով: Կոնսերվատորիայի ականավոր շրջանավարտների մարմարե ցուցատախտակի վրա ոսկե տառերով անվանի հայ երաժիշտի անունը հայտնվեց ընդունվելուց ընդամենը 5 տարի անց:
Երաժշտագետների և կոմպոզիտորների համար Արամ Խաչատրյանը հանճար էր, որը միավորեց հայկական ժողովրդական երաժշտությունն ու եվրոպական դասական ավանդույթը, ասում է, կոնսերվատորիայի ռեկտորը:
Ալեքսանդր Սոկոլով (Մոսկվայի Պ.Ի. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր) - Երբ Եվրոպան և ընդհանրապես ողջ աշխարհը սկսեցին ծանոթանալ խորհրդային ժամանակաշրջանի դասականների հետ, կային երեք անուններ՝ Շոստակովիչ, Պրոկոֆև և Խաչատրյան: Այս երեք մեծագույն անունները մտան պատմության մեջ: Խաչատրյանի՝ ջութակի, թավջութակի և դաշնամուրի համար կոնցերտներում վառ արտահայտված են ազգային տարրերը, սա այն երաժշտությունն է, որը փայլատակում է հենց այդ ազգային գույներով, ինչը հատուկ էր իր խառնվածքին ու հայրենիքին:
Այսօր էլ, կոմպոզիտորի համար հարազատ երաժշտության տանը, նրա 120-ամյակի առթիվ Ռուսաստանի Սվետլանովի անվան պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի հետ Մեծ դահլիճում` Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանի դիրիժորական հրահանգներով ու թավջութակահար Նարեկ Հախնազարյանի կատարմամբ, հնչում են ամենահայտնիները՝ «Սպարտակ» և «Գայանե» բալետների սյուիտները, «Դիմակահանդես»-ն ու երաժշտական դրվագներ «Վալենսիացի այրին» պիեսից, կոնցերտ-ռապսոդիան թավջութակի համար:
Խաչատրյանի երաժշտությունն իր ազդեցությունն է ունեցել ոչ միայն հայ, այլև օտարազգի կոմպոզիտորների վրա։
Էդուարդ Թոփչյան (Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր) - Խաչատրյանի երաժշտական վարպետությունը, կարծում եմ, ցանկացած հայ երաժիշտի ուղեկցում է ծնված օրվանից և ուղղորդում է կյանքում: Ինքս շատ կուզեի 2-րդ սիմֆոնիան նվագեինք, քանի որ շատ եմ սիրում, և իմ կարծիքով` դա Խաչատրյանի ամենանշանակալի ստեղծագործությունն է, բայց որոշվեց, որ ավելի գալա-ծրագիր լինի:
Նարեկ Հախնազարյանը սիմֆոնիկ նվագախմբի հետ կատարում է կոնցերտ-ռապսոդիան թավջութակի համար, որը, թեև հաճախ չի հնչում, սակայն իր հոգուն ավելի մոտ է, ասում է Չայկովսկու անվան 14-րդ միջազգային մրցույթի հաղթող թավջութակահարը:
Նարեկ Հախնազարյան (թավջութակահար) - Ամենահաճելին այն է, որ ոչ միայն հայկական ազգանունն է հպարտության տեղիք տալիս, այլ նաև, որ Խաչատրյանի ամեն նոտան է ներշնչված հայկականով, առավել ևս հաճելի է ներկայացնել իր երաժշտությունը օտարազգի հանդիսատեսին, որը գուցե նաև ծանոթ չէ նրան:
Խաչատրյանի այցեքարտը դարձավ «Սուսերով պարը», ինչը մի փոքր զայրացնում էր հեղինակին, քանի որ մեկ գիշերվա ընթացքում գրված այս ստեղծագործությունը նա մոնումենտալ աշխատանք չէր համարում, հիշում է կոմպոզիտորի որդին։ Նրա խոսքով՝ Խաչատրյանի համար շատ կարևոր էր «Սպարտակ» բալետը, որը երկար հասունացող գաղափար էր, և հենց այդ ստեղծագործության մեջ էր հեղինակը տեսնում կոմպոզիտորական լեզվի և ժողովրդական երաժշտության ամենախորը միաձուլումը։
Կարեն Խաչատրյան (Արամ Խաչատրյանի որդին) - Թերևս նա կորցրել էր կովկասցու բոլոր հատկանիշները, բացի մեկից՝ նա շատ էմոցիոնալ էր և նույնիսկ նեղացկոտ: Նա ընդհանրապես շատ բաց մարդ էր, սիրում էր մարդկանց, նրանց մեջ` լույսը, տանն էլ ամենուր լուսավոր էր: Մայրս լավ խոսք ուներ, ասում էր՝ երբ Արամը գալիս է, տունը լուսավորվում է:
Կոմպոզիտորի 120-ամյակին նվիրված երաժշտական-համերգային արշավ է ողջ Ռուսաստանում. Սանկտ-Պետերբուրգից մինչև Հարավային Սախալին Խաչատրյան է հնչում: Չայկովսկու անվան կոնսերվատորիայում գալա-համերգը հայ-ռուսական մշակութային համատեղ ծրագիր է՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանության Մշակութային կենտրոնի աջակցությամբ:
Վլադիմիր Գաբբե (ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից Մշակութային կենտրոնի տնօրեն) - Բարձր երաժշտության լեզվով, որ մեզ ավանդել է մեծն Խաչատրյանը, կարող ենք այսօր խոսել աշխարհի հետ և ևս մեկ անգամ հաստատել այն գաղափարը, որ ազգերին միավորում է արվեստի լեզուն և մշակույթի ուժը:
Ռուսաստանի երաժշտության ազգային թանգարանի կողմից կոնսերվատորիայի ճեմասրահում երաժշտին նվիրված ցուցահանդեսում ներկայացված են Խաչատրյանի երաժշտական ձեռագրերը, ստեղծագործությունների նոտաների տպագիր հրատարակությունները, հաղորդումները, պաստառները, լուսանկարները և ստեղծագործությունների հիման վրա պատրաստված բեմական հագուստներ: