Ապահովագրական փաթեթը ներառում է ոչ միայն թարմացված առաջնային օղակի՝ պոլիկլինիկաների, ամբուլատորիաների ծառայություններ, այլև դեղորայքային, և ծառայությունների փաթեթը բավականաչափ ընդլայնվելու է՝ ներառվելու են հիվանդանոցային թանկարժեք վիրահատություններ, բուժական տարբեր միջամտություններ: Այդ մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա նաև ընդգծեց, որ պետությունը միջինից ցածր աշխատավարձ ստացող քաղաքացիների համար ունենալու է ճկուն և շատ կարևոր օժանդակ սուբսիդավորման ծրագրեր։
Ավանեսյանը նշեց, որ ամսական 10 հազար դրամ, կամ ինչ որ կսահմանվի օրենքով, վճարման պարագայում քաղաքացին երբ որ կունենա, օրինակ, սրտի բաց վիրահատության կարիք, որն արժե 4,5-5 մլն դրամ, այդ դեպքում որևէ գումար չի վճարի։ «Երբ որ հետադարձ նայում ես, որ ամսական մի փոքր գումար վճարելով՝ քեզ զերծ ես պահում նման աղետալի ծախսերից, սա է լուծումը առողջապահական համակարգերի։ Մեր երկիրն այս ռեֆորմի առումով, կարող ենք ասել, որ կորցրած ժամանակ ունի»,- նշեց առողջապահության նախարարը։