ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ՝ ՀՀ-ԱԴՐԲԵՋԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորումը երկու կողմին էլ պետք է ձեռնտու լինի՝ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հետ հանդիպմանը։
«Հակամարտությունը լուծելու համար համբերություն և շարունակական փորձեր են պետք»,- հավելել է Լուկաշենկոն։
Նա ընդգծել է՝ անհրաժեշտ է վերջ տալ ՀԱՊԿ-ի տարածքում հակամարտություններին, հատկապես զինված բախումներին։
ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ՝ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ԲԱՆԱԼԻ. ՊԱՏԵԼ
ԱՄՆ պետքարտուղարության խոնակի տեղակալ Վեդանտ Պատելը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի՝ Վաշինգտոնում ակնկալվող բանակցություններին: Նա նշել է, որ հանդիպման հստակ ժամկետներ հայտնել չի կարող, սակայն ԱՄՆ-ում այդ հանդիպմանը սպասում են։
«Կողմերը ձգտում են Հարավային Կովկասում խաղաղ ապագա կառուցել: Մենք շարունակում ենք հավատալ, որ ուղիղ երկխոսությունը ամուր և արժանապատիվ խաղաղության հասնելու բանալին է»,- նշել է Պատելը։
Պաշտոնյան նաև կոչ է արել Բաքվին շուտափույթ ազատ արձակել Ադրբեջանում անազատության մեջ գտնվող ակտիվիստ Բախտիար Հաջիևին և հարգել ադրբեջանցիների իրավունքները:
ԱՄԲԱՐՏԱԿԻ ՊԱՅԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ԴՆԵՊՐԻ ՀՈՍՔՆ ԱՐԱԳԱՑԵԼ Է
Ռուսական կողմի վերահսկողության տակ գտնվող Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակի պայթյունից հետո Դնեպրի հոսքը տասն անգամ արագացել է, ինչը բարդացնում է Խերսոնի շրջանի հեղեղված տարածքներից մարդկանց տարհանումը՝ հայտարարել է շրջանի կառավարության ղեկավար Անդրեյ Ալեքսեենկոն։ Նրա խոսքով՝ այժմ փրկարար ուժերը ստիպված են բնակիչներին օգնության հասնել նավակներով, քանի որ ճանապարհներն ամբողջությամբ անցել են ջրի տակ: Ռուսական կողմի տվյալով՝ Խերսոնի շրջանում հեղեղվել է ավելի քան 14 հազար տուն, 4000-ից ավելի մարդ է տարհանվել։ Հայտնի է նաև զոհերի, վիրավորների և անհետ կորածների մասին:
Ուկրաինայի ՆԳՆ-ի տվյալով՝ բարդ իրավիճակ է ստեղծվել Խերսոնի Կորաբելնի թաղամասում, արտեղ ավելի քան 1800 տուն հեղեղվել է։ «Ընդհանուր առմամբ, ջրի տակ է անցել Դնեպրի աջ ափին գտնվող ավելի քան 20 բնակավայր»,- հայտնում է նախարարությունը։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն էլ հայտարարել է, որ Զապորոժիե ԱԷԿ-ի ռեակտորների սառեցման համար անհրաժեշտ ջուրը դեռ ստացում է Կախովկայի ջրամբարից: Դա անհրաժեշտ է ռեակտորների հովացման և ռադիոակտիվ նյութերի հնարավոր արտանետումը կանխելու համար: Սակայն իրավիճակը մի քանի շաբաթից կարող է բարդանալ, եթե ջրամբարը դատարկվի: Գործակալության տնօրեն Ռաֆայել Գրոսին, այնուհանդերձ, կոչ է արել խուճապի չմատնվել, քանի որ իրավիճակը դեռ վերահսկելի է:
ԱՄԲԱՐՏԱԿԻ ՊԱՅԹՅՈՒՆԻ ՀԱՄԱՐ ԶԵԼԵՆՍԿԻՆ ՄԵՂԱԴՐԵԼ Է ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԻՆ
Կախովկայի ՀԷԿ-ի շուրջ զարգացումներին BILD գերմանական պարբերականի հետ հարցազրույցում անդրադարձել է Վոլոդիմիր Զելենսկին: Ամբարտակի ոչնչացման համար Ուկրաինայի նախագահը մեղադրել է ռուսական կողմին: «Մեկ տարի առաջ մենք զգուշացրել էինք, որ նրանք ամբարտակն ականապատելու են: Նրանք մտավախություն ունեն, որ այդ ուղղությամբ հակահարձակում կսկսենք, և ցանկանում են խանգարել ուկրաինական կողմին՝ ազատագրել սեփական տարածքները»,- հավելել է նա:
Լրագրողի հարցին՝ մեկնարկել է արդյոք ուկրաինական հակահարձակումը՝ նախագահը պատասխանել է՝« Մեր զորքերի տեղաշարժի մեկնարկի ժամանակացույցն արդեն հաստատվել է: Երբ սկսվի, նրանք կտեսնեն ու կզգան»:
Զելենսկին հավելել է, որ Կիևը չի կարող ապացույցներ հավաքել պայթյունին ռուսական ուժերի ներգրավվածության մասին, քանի որ ՀԷԿ-ը Ռուսաստանի վերահսկողության տակ է: Նա կոչ է արել միջազգային փորձագետներ ուղարկել Խերսոնի շրջան՝ պարզելու աղետի հանգամանքները:
«ՄԱԿ-ը և Կարմիր խաչը դեռ այնտեղ չեն: Իսկ այդ կառույցները ստեղծվել են մարդկանց օգնելու համար: Խորապես ցնցված և հիասթափված եմ, որ նրանցից արձագանք չենք ստացել: Իսկ եթե արձագանքել էլ են, ապա շատ դիվանագիտական ձևակերպումներով»,- մտահոգություն է հայտնել Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը հավելել է՝ քանի դեռ Ռուսաստանը շարունակում է պատերազմել և հետ չի քաշում զորքերը, Վլադիմիր Պուտինի հետ խաղաղ բանակցությունների մասին խոսք լինել չի կարող։
ԹՐՅՈՒԴՈՆ ԵՎ ԲԱՅԴԵՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԿԱՆԱԴԱՅՈՒՄ
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել Կանադայում մոլեգնող անտառային հրդեհների հետ կապված իրավիճակը: Թրյուդոն շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնին հրդեհների դեմ պայքարում Կանադային օգնելու համար։
Ավելի վաղ՝ երկրի արտակարգ իրավիճակների նախարար Ուիլյամ Բլերը հայտնել էր, որ այժմ Կանադայում հրդեհի 414 օջախ է գրանցվել, դրանց կեսից ավելիում հրդեհի տարածումը փրկարարներին դեռ չի հաջողվում կասեցնել։
Լրատվամիջոցները հայտնում են, որ հրդեհների ծուխը պատել է Կանադայի մի շարք բնակավայրեր, ինչպես նաև հասել է Նյու Յորք և ԱՄՆ-ի հյուսիսարևելյան այլ քաղաքներ: