Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նեղ ու լայն կազմերով նիստերին: Վարչապետները ստորագրել են Ծառայությունների ազատ առևտրի, ներդրումների հիմնադրման, գործունեության և իրականացման համաձայնագիրը: Նիկոլ ՓԱշինյանը նեղ կազմով նիստում շեշտել է, որ այս փաստաթուղթը ԱՊՀ անդամ երկրներում ներդրումային գործունեության զարգացմանը նոր թափ հաղորդելու մեծ հնարավորություն ունի:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Հայաստանի Հանրապետությունը պատրաստակամ է գործնականում կիրառելու այս համաձայնագրի դրույթները: Կարևոր խնդիրներից է մեր երկրների տնտեսվարող սուբյեկտների միջև արդյունաբերական կոոպերացիոն կապերի ակտիվացումը և գործակցության համար նպաստավոր պայմանների ստեղծումը՝ նորարարական արդյունաբերական կլաստերների և գիտաարտադրական գոտիների ձևավորման նպատակով։
Հայաստանի ղեկավարը դրական է գնահատել գործակցության ամրապնդմանն ուղղված ջանքերը, նշել, որ ընդունված փաստաթղթերի արդյունավետ կյանքի կոչումը կնպաստի ԱՊՀ անդամ պետությունների քաղաքացիների կյանքի որակի բարելավմանը:
Նիկոլ Փաշինյանն առանձնացրել է արդյունաբերական գործակցության զարգացման հայեցակարգի և համալիր միջոցառումների կարևորությունը։ Այս համատեքստում վարչապետը շեշտել է, որ գիտական և տեխնոլոգիական արագ առաջընթացի ֆոնին աստիճանաբար ավելի են սրվում բնապահպանական խնդիրները, անդրադարձել է էկոլոգիապես մաքուր միջուկային էներգիայի զարգացման կարևորությանը: Հայաստանի վարչապետը նաև հեռահաղորդակցական ցանցերում խարդախության դեմ միասնական պայքարն է մատնանշել:
Նիկոլ Փաշինյան - Մենք պետք է համատեղ միջոցներ ձեռնարկենք տվյալների գաղտնիությունն ու անվտանգությունը պաշտպանելու համար, այդ թվում՝ գաղտնագրման ժամանակակից մեթոդների, բազմագործոն նույնականացման և կասկածելի գործունեությունը հայտնաբերելու նպատակով մոնիտորինգի համակարգերի կիրառմամբ: Հեռահաղորդակցության ցանցերում խարդախության դեմ պայքարը պահանջում է ինտեգրված մոտեցում, որը միավորում է հեռահաղորդակցության օպերատորներին, իրավապահ մարմիններին, պետությանը և օգտատերերին: Իսկ համապատասխան հուշագրի ստորագրումը պայմաններ կստեղծի միջազգային հեռահաղորդակցության ծառայությունների շուկայի արդյունավետ գործունեության և զարգացման, ինչպես նաև հեռահաղորդակցության ցանցերում խարդախության տարածումը կանխելու համար:
Կարևորելով ԱՊՀ շրջանակներում գործակցության հումանիտար բաղադրիչը՝ Նիլկոլ Փաշինյանը նշել, որ Հայաստանը ողջունում է հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրմանն ու առողջ ապրելակերպի խթանման ծրագրերը: Վարչապետն առանձնացրել է հաշմանդամություն ունեցող երեխաների համար ԱՊՀ երկրների Սպարտակիադան:
Նիկոլ Փաշինյան - Կնշեմ նաև «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» միջպետական ծրագրի իրականացումը՝ որպես երիտասարդների զարգացման, նրանց ստեղծագործական ներուժին աջակցելու և հասարակական կյանքում ակտիվ մասնակցության համար պայմաններ ապահովելու արդյունավետ գործիք։ Նման նախաձեռնությունները նպաստում են առաջնորդների նոր սերնդի ձևավորմանը, որոնք իվիճակի են դիմակայել մեր ժամանակի մարտահրավերներին և նպաստել մեր երկրների զարգացմանը։ Այս տեսանկյունից, մեզ համար կարևոր է, որ 2026-ին այդ պատվավոր կարգավիճակը կստանա Կապան քաղաքը:
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՊՀ երկների գործակցության հնարավորությունները լիովին իրացված չեն, և համատեղ կառուցողական ջանքերը պետք է ուղղված լինեն այդ հարցում զգալի առաջընթաց գրանցելուն: Նիստից հետո վարչապետ Փաշինյանը ԱՊՀ գործընկերների հետ շրջել է «Եվրասիա. մեր տուն» խորագրով ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ԱՊՀ պետությունների ընկերությունների արտադրությանը, այդ թվում՝ հայկական ընկերությունների:
«Ռոսատոմ» ընկերության տաղավարում Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը հրավիրել է ռուս-բելառուսական համատեղ նախագծի վրա, հայտարարել, որ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ատոմային էլեկտրակայանների կառուցման ֆինանսական հարցերը:
Հեղինակ՝ Անի Օհանյան