Միացյալ Նահանգները մոտ 150 մլն դոլար կհատկացնի Իրաքում և Սիրիայում ահաբեկչությանը հակազդելու ծրագրերի ֆինանսավորման համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ելույթ ունենալով Իսլամական պետության դեմ պայքարի գլոբալ կոալիցիայի նախարարական հանդիպմանը, որն ընթանում է Էր Ռիադում։
Բլինքենի խոսքով՝ կոալիցիայի անդամները խոստացել են պայքարել ծայրահեղականության դեմ և կանխել Իսլամական պետության վերածնունդը:
«Միացյալ Նահանգները և ԻՊ-ի դեմ պայքարի գլոբալ կոալիցիայի 86 անդամները կշարունակեն պայքարել մարտնչող ծայրահեղականների և աղետների դեմ, որոնք բերում է ահաբեկչությունը։ Թեև մենք հաղթել ենք ԻՊ-ին Սիրիայում և Իրաքում, մենք պետք է կանխենք դրա վերածնունդը»,- նշել է պետքարտուղարը։
Հունիսի 6-ին Բլինքենը պաշտոնական այցով ժամանել է Սաուդյան Արաբիա, որտեղ բանակցություններ է վարել թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդի և Թագավորության արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բեն Ֆարհան ալ Սաուդի հետ: Հունիսի 7-ին Բլինքենը մասնակցել է Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի նիստին: