Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հունիսի 7-ին տեսակցել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից առևանգված զինծառայողներ Հարություն Հովագիմյանին և Կարեն Ղազարյանին: Տեղեկությունը «Լուրեր»-ին հայտնել է Հայաստանում Կարմիր խաչի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
«Ըստ մեր ընթացակարգերի՝ տեսակցությունները տեղի են ունեցել անհատական զրույցների ձևաչափով: Այլ մանրամասներ մենք հանրային հարթակում չենք կարողանում հաղորդել, որովհետև դրանք կոնֆիդենցիալ բնույթ են կրում, սակայն, բնականաբար, մեր ուշադրության կենտրոնում են պահման պայմաններն անձանց, իրենց առողջական վիճակը, իրենց հանդեպ վերաբերմունքը և այդ բոլոր տեղեկություններն ու դրանց հետ կապված որևէ նկատառումները մենք քննարկում ենք իրենց համար պատասխանատու իշխանությունների հետ՝ կոնֆիդենցիալ երկխոսության միջոցով: Մնացած անձանց, որոնց մենք տեսակցում ենք այս ընթացքում, վերջին անգամ տեսակցել ենք մայիս ամսին»,- ասաց Ամատունին:
Տեսակցության ընթացքում կազմակերպության ներկայացուցիչները զինծառայողներին օգնել են նամակով կապ հաստատել ընտանիքի անդամների հետ:
Հիշեցնենք՝ մայիսի 26-ին մարտական դիրքեր սնունդ մատակարարող երկու զինծառայողի հետ կապն ընդհատվել էր: Մայիսի 27-ին Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որում եղել է նաև զինվորներից մեկին ամրակցված զենքը:
Քննչական կոմիտեից ավելի ուշ տեղեկացրել էին, որ նախնական տվյալով՝ հակառակորդի զինված խումբը հատել է սահմանը և առևանգել զինծառայողներին: