Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, շնորհավորել վերընտրվելու կապակցությամբ։
Զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ հստակ և դրական օրակարգով շփումները պետք է ակտիվացնել բոլոր մակարդակներում։
Թուրքիայի նախագահը շեշտել է մաքսային միության թարմացման, վիզայի ազատականացման ապահովման, միգրացիայի կառավարման և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում համագործակցության կարևորությունը։
Միշելը հեռախոսազրույցից հետո Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ վերահաստատել է ԵՄ շահագրգռվածությունը Թուրքիայի հետ ռազմավարական, փոխշահավետ հարաբերությունների ամրապնդմամբ, կարևորել անկեղծ և բաց երկխոսությունը տնտեսական կապերի, շարժունակության և անվտանգության ոլորտում համագործակցության հեռանկարների շուրջ։
Եվրոպական խորհրդի նախագահը նաև բարձր է գնահատել Անկարայի դերը Սևծովյան հացահատիկային նախաձեռնությունում։