Իսպանիա, ԱՄՆ, Ռուսաստան, Գերմանիա: Ավելի քան 25 երկրից 13-18 տարեկան սփյուռքահայ պատանիները հնարավորություն են ստացել այցելել հայրենիք: Մեկնարկել է «Քայլ դեպի տուն» ծրագրի այս տարվա առաջին փուլը: Մասնակցելու համար դիմել է 1300 պատանի, ընտրվել՝ 600-ը: Նրանք երկու շաբաթ հնարավորություն կունենան այցելել Հայաստանի տեսարժան վայրեր, կրթական օջախներ, կծանոթանան հայկական մշակույթին: 16-ամյա Վահագնը ծրագրի մասնակիցներից է, Վրաստանից է, երրորդ անգամ է Հայաստանում՝ յոթ տարվա դադարից հետո: Ընկերների խորհրդով է դիմել:
Վահագն Կարապետյան («Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակից) - Ինքս ցանկացա, որ գամ ճամբար, ինքս տեսնեմ Հայաստանի պատմական վայրերը, ծանոթանամ Հայաստանի մշակույթի հետ, սովորեմ հայկական պարեր, հայոց լեզուն լավ տիրապետեմ:
Ռուսաստանաբնակ Քրիստինեն, ինչպես նրա շատ ընկերներ, հայրենիքի մասին քիչ բան գիտեն: Ծրագրի շնորհիվ է լրացնում բացը: Ասում է՝ նախորդ տարվա մասնակից ընկերուհին է խորհուրդ տվել դիմել. ինքն էլ որոշել է գալ ու բացահայել հայրենիքը:
Քրիստինե Բաղդասարյան («Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակից) - Ես էլ ուզեցի գալ, որովհետև ինձ համար հայրենիքը առաջին տեղն է, ես շատ եմ սիրում իմ հայրենիքը ու ես շատ գոհ եմ, որ եկել եմ, որ իմանում եմ ամեն օր լիքը նոր բաներ:
Պատանիները ծրագրի շրջանակում արդեն հասցրել են այցելել Մատենադարան, Սուրբ Մեսրոպ Մաշտոց և Սուրբ Գևորգ եկեղեցիներ: Այսօր հերթը Ծիծեռնակաբերդինն է:
Արմինե Ամիրբեկյան («Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակից) - Մենք օրական ունենք պատմաճանաչողական դասընթաց: Ամեն տեղ գնալուց առաջ մենք ուսումնասիրում ենք այն տեղը, որտեղ պետք է գնանք: Այսօր մենք եկել ենք Ծիծեռնակաբերդ և մինչև գալը ծանոթացել ենք պատմությանը:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի խոսքով՝ «Քայլ դեպի տուն»-ը Սփյուռքի մեր հայրենակիցների համար հայապահպանման խնդիր է լուծում: Նպատակն է երեխաների համար հնարավորություն ստեղծել ճամբարային պայմաններում ծանոթանալ ոչ միայն Հայաստանին, այլև ճանաչել աշխարհի տարբեր ծայրերում բնակվող իրենց հայրենակիցներին:
Զարեհ Սինանյան (Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար) - Ծրագիրն արդեն տասնամյակից ավելի կյանք ունի, և դրա ամենակարևոր արդյունքն այն է, որ երիտասարդ տարիքում շատ երեխաներ, որոնք երբևէ չեն եղել Հայաստանում, հոգեբանական կապ են ստեղծում հայրենիքի հետ:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը «Քայլ դեպի տուն» ծրագրին զուգահեռ նմանատիպ այլ ծրագրեր էլ է իրականացնում՝ այդպիսով հայրենիքը ավելի ճանաչելի դարձնելով արտերկրում ապրող մեր հայրենակիցների համար:
Հեղինակ՝ Լուսինե Գրիգորյան