Ժնև կատարած աշխատանքային այցի շրջանակում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավիի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնմանը, այդ թվում՝ փորձի փոխանակմանը, վերապատրաստումների իրականացմանը, ինչպես նաև նախատեսվող հուշագրերի կնքման ժամկետներին, գործողությունների պլանին առնչվող հարցեր։
Երկուստեք ընդգծվել է ոլորտային մի շարք հարցերի շուրջ արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների կարևորությունը՝ Սեյեդ Սոուլաթ Մորթազավիի՝ փետրվարին Հայաստան կատարած այցի ընթացքում։ Այս համատեքստում կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը՝ քննարկված հարցերի ուղղությամբ շարունակել իրականացնել անհրաժեշտ աշխատանքներ։
Դիտարկվել է նաև հայկական կողմի՝ Թեհրան այցելության կազմակերպման հնարավորությունը՝ Իրանի Իսլամական Հանրապետության սոցիալական բարեկեցության կազմակերպության կենտրոնների աշխատանքին ծանոթանալու նպատակով։