Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունիսի 7-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթին:
Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը և ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:
Ողջունելով հյուրին՝ ԱԺ փոխնախագահը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև բարեկամական հարաբերությունների զարգացումը, ընդգծել Հայաստանի Ազգային ժողովի և Բունդեսթագի միջև համագործակցության ընդլայնումը:
Անդրադառնալով երկկողմ գործակցությանը՝ ԱԺ փոխնախագահը կարևորել է այն հանգամանքը, որ Գերմանիան ԵՄ երկրների շարքում Հայաստանի խոշորագույն առևտրատնտեսական գործընկերն է: Հակոբ Արշակյանը բարձր է գնահատել Գերմանիայի օժանդակությունը Հայաստանի ժողովրդավարական օրակարգին:
«Հայաստանը մեծապես կարևորում է ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումը և նաև այն փաստը, որ Գերմանիան ԵՄ այն 6 երկրների շարքում է, որոնք Եվրոպական ներդրումային բանկի հետ միավորել են ջանքերը՝ ի շահ Հայաստանի Սյունիքի մարզի զարգացման»,- ընդգծել է ԱԺ փոխնախագահը՝ բարձր գնահատելով հայ-գերմանական ապակենտրոնացված համագործակցությունը:
Ներկայացնելով տարածաշրջանային մարտահրավերները՝ Հակոբ Արշակյանը նշել է, որ Ադրբեջանը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից փակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որի հետևանքով 120 հազար հայ հայտնվել է փաստացի շրջափակման մեջ: ԱԺ փոխխոսնակի խոսքով Ադրբեջանի այս գործողությունները հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններին և կոպտորեն խախտում Արդարադատության միջազգային դատարանի իրավաբանորեն պարտավորեցնող որոշումը. «Պարո՛ն Ռոթ, սկզբում դա արհեստածին բնապահպանական ակցիայի բնույթ էր կրում, սակայն ապրիլի 23-ից Ադրբեջանն արդեն անցակետ է տեղադրել և պաշտոնապես շրջափակել Լաչինի միջանցքը»:
Հակոբ Արշակյանը խոսել է նաև Ադրբեջանում պահվող 38 հայ ռազմագերիների մասին. «Հույս ունենք, որ ԵՄ հանձնառությունը՝ աջակցել գերիների վերադարձին, հաջողությամբ կավարտվի»: ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը չի փոփոխվում. օրեր առաջ սնունդ մատակարարելու ընթացքում առևանգվել է երկու հայ զինծառայող, որոնց նկատմամբ Ադրբեջանում հարուցվել են կեղծ քրեական գործեր:
Ըստ Հակոբ Արշակյանի՝ Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու օրակարգով. «Մենք ջանքեր ենք գործադրում թե՛ տարածաշրջանային ենթակառուցվածների և տրանսպորտային ուղիների ապաշրջափակման, թե՛ սահմանազատման և սահմանային անվտանգության ուղղությամբ»: ԱԺ փոխնախագահը եւս մեկ անգամ հայտարարել է՝ Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարևանների հանդեպ:
«Ցանկանում եմ Հայաստանի անունից ողջունել տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման, փոխվստահության մթնոլորտի ձևավորման, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության խթանմանն ուղղված Գերմանիայի ջանքերը»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը:
Կարևորելով մեր երկրում ԵՄ երկարաժամկետ մշտադիտարկման առաքելության տեղակայումը՝ ԱԺ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարությանը՝ այդ որոշմանն աջակցելու կապակցությամբ:
Անդրադառնալով հունիսի 1-ին Քիշնևում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետի, Ադրբեջանի, Ֆրանսիայի նախագահների և Գերմանիայի կանցլերի, Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ հնգակողմ հանդիպմանը՝ Հակոբ Արշակյանը ողջունել է Գերմանիայի ջանքերը հայ-ադրբեջանական երկխոսության ապահովման հարցում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը փոխանցել է Գերմանիայի Բունդեսթագի նախագահի ողջույնները՝ նշելով, որ վերջինս կարևորում է երկկողմ հարաբերությունների զարգացումը ոչ միայն կառավարական, այլ նաև միջխորհրդարանական մակարդակում:
Միխայել Ռոթը համաձայնել է հայ խորհրդարանականների այն տեսակետի հետ, որ տարածաշրջանում պետք է կայուն խաղաղություն հաստատվի: Նա կարևորել է թե՛ Եվրամիության, թե՛ Գերմանիայի կառավարության աջակցությունը գերիների՝ շուտափույթ հայրենիք վերադարձի ապահովման հարցում:
Ռոթը նշել է, որ մի քանի անգամ հանրայնորեն քննադատել է Լաչինի միջանցքի շրջափակումը և անընդունելի է համարում, որ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը չի հարգվում: «Կարծում եմ՝ այն պետք է անհապաղ իրագործվի, և միջանցքը բացվի: Հայ բնակչությունը ԼՂ-ում պետք է շարունակի ապրել անվտանգ, պետք է ապահովվի նրանց անվտանգությունը և իրավունքները, չհանդուրժվի որևէ էթնիկ զտման վտանգ»,- կարծիք է հայտնել գերմանացի օրենսդիրը: