Հայաստանը կունենա աղետների ռիսկի կառավարման նոր՝ 2023-30 թվականների ռազմավարություն՝ ներառելով նաև 2023-26 գործողությունների ծրագիրը: Այն, փոխնախարար Արփինե Սարգսյանի խոսքով, համապատասխանում է Սենդայի գործողությունների ծրագրին և ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին: Այսինքն՝ պետությունը խնդիր է դնում դառնալ ավելի դիմակայուն: Աղետների ռիսկի նվազեցմանը Հայաստանի ջանքերի մասին փոխնախարարը խոսել է ՄԱԿ-ի ամբիոնից:
Արփինե Սարգսյան (ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ) - Խնդիրների լուծումը պահանջում է համակարգված և համագործակցային մոտեցում բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ, աղետների ռիսկի նվազեցման մեջ ներդրումների ավելացում, կայունության բարձրացման քաղաքական կամքի ուժեղացում, տվյալների և տեղեկատվական համակարգերի կատարելագործում, համակարգման մեխանիզմների ամրապնդում և ռիսկերի նվազեցման նորարարական և հարմարվողական մոտեցումների ընդունում՝ տարածելով ներառականության և փոխկապակցվածության սկզբունքը:
Արփինե Սարգսյանը Նյու Յորքում մասնակցել է Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի ծրագրի միջանկյալ վերանայման ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձրաստիճան հանդիպմանը: Մինչև 2030-ը պետք է պատշաճ կազմակերպել աղետների ռիսկի կառավարման գործողություններ. սա էր անդամ երկրներին՝ նյույորքյան քննարկման կոչը: Սարգսյանի խոսքով՝ աղետների ռիսկի կառավարումը միայն ներպետական կառավարման ենթակա ոլորտ չէ: Պետք է համատեղել քայլերը նաև տարածաշրջանային, գլոբալ մակարդակում:
Արփինե Սարգսյան - Հատկապես դեպի ծով ելք չունեցող տեսանկյունից, ինչպիսին Հայաստանն է, շատ բաներ կախված են նաև հարևանային քաղաքականությունից, կախված են միջպետական երկաթուղային, տրանսպորտային փոխադրամիջոցներից և այլն, կարևոր է միավորել ջանքերը:
Գլխավոր ասամբլեայի նիստում ընդունվել է քաղաքական հռչակագիր: Սենդայի գործողությունների ծրագրի առաջնահերթություններից են աղետների ռիսկի կառավարման ավելի արդյունավետ կարողությունների ձևավորումը, ռիսկի գնահատումը:
Արփինե Սարգսյան - Պետք է հասկանանք, որ, օրինակ՝ Սյունիքի մարզում ինչպիսի աղետներ, ռիսկայնություն ունենք, այսինքն՝ ռիսկի ինդեքսավորում պետք է իրականացնենք, Սյունիքի համար ունենանք աղետների ռիսկերի կառավարման հստակ պլաններ, որոնք թույլ կտան նախօրոք կանխարգելել, որքան հնարավոր է, և հետագայում աղետի առաջացման դեպքում հնարավորինս չեզոքացնել հետաղետային վտանգները՝ երկրաշարժերի, սելավների, անտառային հրդեհների դեպքում:
Հաջորդ թիրախային ուղղություններն են՝ պետական և մասնավոր ներդրումների ապահովումը, աղետներին արդյունավետ արձագանքման պատրաստվածությունը: Փոխնախարարը կարևորում է բնակչության բոլոր շերտերի իրազեկվածությունը: ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակը կաջակցի Հայաստանում զարգացնել վաղ ազդարարման ինստիտուտը. այս մասին նշվել է գրասենյակի տնօրենի հետ հանդիպմանը: Պորտուգալիայի ներքին գործերի պետքարտուղարի հետ Սարգսյանը քննարկել է անտառային հրդեհների կանխարգելման, աղետների ռիսկի կառավարման կարողությունների զարգացման հարցեր։ Պորտուգալիան դիմակայուն քաղաքների կառուցման առաջավոր փորձ ունի:
Արփինե Սարգսյան - Հստակ գնահատում են կոնկրետ բնակավայրի ռիսկը, կարողանում են ռիսկը կառավարել, դիմակայուն դարձնել քաղաքը: Պայմանավորվել ենք փոխգործելիություն ապահովել, որ կարողանանք կրթական, գործնական դաշտում ապահովել գործակցություն: Անտառային հրդեհների կանխարգելման նվաճումներ ունի, այս գործակցությունը թույլ կտա ունենալ ավելի լավ արդյունք մեր հանրապետությունում:
Սարգսյանի խոսքով՝ Ներքին գործերի նախարարության ստեղծումն այս ոլորտում զարգացող կառուցակարգեր նախատեսելու և կարևոր արդյունք գրանցելու ինստիտուցիոնալ լավ հենք է: Ճգնաժամային կառավարման ակադեմիայում նախատեսվում են վերապատրաստման հատուկ դասընթացներ թե՛ փրկարար ծառայողների, թե՛ նախարարության աշխատակիցների համար: Կձևավորվի անձնակազմ, որը, փոխնախարարի խոսքով, պատշաճ կկարողանա իրականացնել կրթական, գործնական, իրազեկման աշխատանքը: