Խերսոնի շրջանի Կախովկայի հիդրոէլեկտրակայանի ամբարտակը գիշերը պայթեցվել է։ Էլեկտրակայանն ամբողջությամբ անցել է ջրի տակ. ռուսական կողմի տվյալով՝ այն այլևս անհնար է վերականգնել:
Դնեպրի ջրերը հեղեղել են ցածրադիր շրջանները, այդ թվում` Խերսոն, Նովայա Կախովկա քաղաքները և այլ բնակավայրերը: Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը զգուշացրել է՝ մոտ 80 բնակավայրի հեղեղման վտանգ կա: Մի շարք շրջաններում կազմակերպվել է բնակչության տարհանում։
ԶԼՄ-ների տվյալով՝ Խերսոնի շրջանից անվտանգ տարածքներ են տարհանվել հարյուրավոր բնակիչներ: Տարածաշրջանն արդեն բախվում է հումանիտար խնդիրների՝ ջրամատակարարումը և էլեկտրամատակարարումը մեծամասամբ դադարեցվել է, հեղեղման պատճառով շատ հողատարածքներ կարող են մշակության համար ոչ պիտանի դառնալ:
Ուկրաինական կողմը նաև հայտնում է, որ Կախովկայի ՀԷԿ-ում պայթյունի հետևանքով առնվազն 150 տոննա շարժիչի յուղ է լցվել Դնեպր, ևս ավելի քան 300 տոննայի արտահոսքի վտանգ կա:
Վոլոդիմիր Զելենսկին տեղի ունեցածի համար մեղադրել է ռուսական կողմին: Բուխարեստի իննյակի հետ հեռավար հանդիպման ժամանակ Ուկրաինայի նախագահը նշել է՝ տեղի ունեցածը Եվրոպայում վերջին տասնամյակների ամենամեծ «տեխնածին» բնապահպանական աղետն է։
Վոլոդիմիր Զելենսկի (Ուկրաինայի նախագահ) - Ցավոք, արդեն ավելի քան մեկ տարի է՝ Ռուսաստանը վերահսկում է ինչպես ամբարտակը, այնպես էլ Կախովկայի ՀԷԿ-ը։ Այն ֆիզիկապես անհնար կլիներ պայթեցնել հեռվից: Ռուս զավթիչներն են ականապատել ու պայթեցրել ամբարտակը:
Զելենսկին գագաթնաժողովի մասնակիցներին կոչ է արել խոստանալ Կիևին, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ կդառնա, և այդ ճանապարհին Հանրապետությանը անվտանգության երաշխիքներ կտրամադրվեն:
Ուկրաինական զորքերի «Հարավ» խմբավորման օպերատիվ հրամանատարությունն էլ է հանդես եկել հայտարարությամբ, հայտարարել՝ ռուսական ուժերը թիրախավորել են հիդրոէլեկտրակայանը՝ խափանելու ուկրաինական հակահարձակումը: Սակայն Ռուսաստանը, ուկրաինական կողմի պնդմամբ, իր այդ նպատակին չի հասնի:
Ռուսական կողմն էլ ամբարտակի պայթեցման համար մեղադրում է Ուկրաինայի ԶՈւ-ին: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է՝ կայանը պայթեցնելու համար Ռուսաստանին ներկայացվող մեղադրանքներն անհիմն են:
Դմիտրի Պեսկով (ՌԴ նախագահի խոսնակ) - ՀԷԿ-ի ոչնչացումը Կիևի կանխամտածված դիվերսիան է. Ուկրաինական կողմը նման քայլի է գնացել, քանի որ հակահարձակման ժամանակ հաջողության չի հասել: Կայանի պայթեցման նպատակներից մեկը Ղրիմը ջրից զրկելն է, սակայն տեղական ջրամբարների պաշարների հաշվին Ղրիմում ջրի խնդիր չի լինի:
Մտահոգություն է առաջացնում նաև ՀԷԿ-ում պայթյունի հետևանքով Կախովկայի ջրամբարի ափին գտնվող Զապորոժիեի ատոմակայանի աշխատանքի հնարավոր խափանումը: Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունից տեղեկացրել են, որ հետևում են Զապորոժիեի ԱԷԿ-ում զարգացումներին: Գործալության հաղորդագրության համաձայն՝ ատոմակայանի միջուկային անվտանգությանը ոչինչ չի սպառնում:
ՄԱԿ-ը, Եվրոպական խորհրդի նախագահը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը տեղի ունեցածի համար մեղադրել են Ռուսաստանին: Շառլ Միշելը կատարվածը «ռազմական հանցագործություն» է որակել: