Վերջին օրերի սելավներն ու քամու ուղեկցությամբ կարկուտը մեծ վնաս են հասցրել Արցախի Ասկերանի և Մարտակերտի շրջանների գյուղատնտեսությանը:
Կարեն Աղաջանյան (Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ) - Հեղեղվել են որոշ տարածքներ, ջրատարվել են փաստորեն, և առաջացել են լճացումներ ու վնասել ցանքսերը, որոնք ապահովված էին և կաթիլային համակարգով, տուժել են կաթիլային համակարգերը, ինչպես նաև որոշ տեղերում փլուզվել են ջերմատներ, խոշոր ջերմատները՝ մետական կոնստրուկցիաներով պատրաստված, պարզապես քամու պոռթկումը փլուզել է:
Նաիրի Գաբրիելյանին պատկանող դաշտում համեմատաբար բարվոք վիճակում են կանաչու ցանքսերը, հիմնականում վնասվել են ձմերուկը, պղպեղն ու լոլիկը:
Նաիրի Գաբրիելյան (Ասկերանի բնակիչ) - Վերևից ինչքան ջուր կա, սաղ եկել է, այս հատվածով մտել: Չենք կարողացել մի ժամ մոտավորապես մտնել դաշտ:
Կորցրածը վերականգնելու համար գյուղատնտեսները նոր սածիլներ են հողին պահ տալիս: Իսկ վնասված ջերմատներում փորձում են փրկել եղածը, սակայն մեծ հույսեր չունեն: Այս ջերմոցը ընտանիքի եկամտի միակ աղբյուրն է:
Վալենտինա Ծատրյան (Ասկերանի բնակիչ) - Կանենք, ինչքան հնարավոր է` մենք կաշխատենք, կփորձենք փրկել, բայց դեռ չգիտենք, չենք կարող ասել՝ կլինի, թե չլինի, չեմ կարող ասել: Այնպիսինները կան, որ կարող է` չստացվի:
Բնական աղետի հետևանքները Խնապատ և Խրամորթ գյուղերում ևս ծանր են: Խնապատ համայնքի ղեկավարի խոսքով՝ շրջափակման պայմաններում մարդիկ փորձել են հնարավորինս շատ գյուղմթերք արտադրել:
Սամվել Շահրամանյան (Խնապատ համայնքի ղեկավար) - Մեր գյուղում ընդհանրապես կարտոֆիլ չէին ցանում, հեկտարներով կարտոֆիլ են ցանել, ջերմոցները միանգամից լայն թափ են ստացել, այգիներն են: Ինչ արած, բնական աղետի դեմ չենք կարողանում, այդ պայքարը դեռ չենք կարողանում, այս պահին դեռ չունենք:
Կարկտահարված այգիները նկատելի են առաջին հայացքից: Կեռասի, բալի կորուստը մեծ է, ասում է 19 հեկտար այգու մշակությամբ զբաղվող ընկերության տնօրենը: Բերքի շրջանում 65 աշխատատեղ են ապահովում:
Աշոտ Բալասանյան (ընկերության տնօրեն) - Չնայած բերքը լիարժեք չէ, բայց մենք պետք է հավաքենք բերքը, թեկուզ ցածր գներով իրացնենք շուկայում, որպեսզի կարողանանք այդ մարդկանց օրվա աշխատավարձերը տանք:
Բնական աղետից տուժած համայնքները վնասված ցանքսերի ծավալները ներկայացնում են շրջանի վարչակազմ: Հաշվարկից հետո Արցախի գյուղատնտեսության նախարարությունում կքննարկեն պետական աջակցության մեխանիզմները: