ԱՊՀ երկրների և Եվրասիական տնտեսական միության եվրասիական գործընկերությունն անհրաժեշտ է կառուցել նորարարությունների և նոր տեխնոլոգիաների հիմքի վրա: Հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Սոչիում ԱՊՀ և ԵԱՏՄ երիտասարդական 2-րդ ֆորումի բացման ժամանակ։ Նա նշել է, որ ԵԱՏՄ երկրների տարածքում բնակչության 30%-ը՝ մոտ 55 մլն մարդ, երիտասարդներ են։ Միջազգային անցուդարձի ուշագրավ այլ նորություններ՝ տեսաշարում:
ԱԷՄԳ-Ն ԿԱՎԵԼԱՑՆԻ ՏԵՍՈՒՉՆԵՐԻ ԹԻՎԸ ԶԱԷԿ-ՈՒՄ. ԳՐՈՍՍԻ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կախովկայի հիդրոէլեկտրակայանի ամբարտակի պայթեցումը չի ազդի Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակման պլանների վրա։
Նա նշել է, որ որ պայթեցումը եղել է կանխամտածված, սակայն հակառակորդը գործել է քաոսային՝ վնաս հասցնելով նաև սեփական տեխնիկային։ Կախովկայի աղետի պատճառով մտահոգություններ կան նաև Զապորոժիեի ԱԷԿ-ի վիճակի հետ կապված: «Ռոսէներգոատոմ» կոնցեռնի գլխավոր տնօրենի խորհրդականը հայտարարել է, որ Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը կավելացնի տեսուչների թիվը ՌԴ վերահսկողության տակ գտնվող Զապորոժիեի ԱԷԿ-ում։ Պաշտոնյան հավելել է, որ ատոմակայան ԱԷՄԳ ղեկավար Ռաֆայել Գրոսսիի այցի ժամանակ կձեռնարկվեն միջոցներ՝ պատվիրակության բոլոր անդամների անվտանգությունն ապահովելու համար:
Պեկինը կոչ է արել կանխել Կախովկայի հիդրոէլեկտրակայանի կործանման պատճառով հավանական միջուկային աղետը Զապորոժիեի ատոմակայանում։ Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Վան Վենբինը լուրջ անհանգստություն է հայտնել ամբարտակի պայթեցման կապակցությամբ՝ կարևորելով տեղի բնակչության անվտանգության ապահովումը:
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԼԻՐԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՐԺԵԶՐԿՎԵԼ
Այսօր թուրքական լիրան արժեզրկվել է 7 տոկոսով՝ 2021 թվականի անկումից ի վեր նոր հակառեկորդ գրանցելով: Լիրան նոր ճնշման տակ էր հայտնվել Թուրքիայում նախագահի ընտրության գործընթացի հետ կապված: Օրեր առաջ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ֆինանսների նախարար էր նշանակել նախկին փոխվարչապետ Մեհմեդ Շիմշեքին, որից ակնկալվում է կայունացնել տնտեսության վիճակը:
Թուրքիայի իշխանությունները վճռական են տրամադրված երկրում գնաճը նվազեցնելու և բարձր գների պատճառով առաջացած տնտեսության խնդիրները լուծելու հարցում։ Նոր կազմով կառավարության առաջին նիստից հետո հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Նրա խոսքով՝ տնտեսության վիճակի մասին վերջին տվյալները հույս են ներշնչում: Մայիսին Թուրքիայում գնաճը, ըստ պաշտոնական տվյալի, կազմել է 39,59%։
ՏԱՋԻԿՍՏԱՆԸ ՉԻ ԴԻՏԱՐԿՈՒՄ ԵԱՏՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ
Տաջիկստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի վարչության ղեկավար Շոխին Սամադին հայտարարել է, որ իշխանությունները չեն դիտարկում Եվրասիական տնտեսական միությանը երկրի հնարավոր անդամակցության հարցը։ Սամադին մեկնաբանել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքը, թե Մոսկվան լիահույս է, որ Տաջիկստանը շուտով կգիտակցի ԵԱՏՄ-ին անդամակցելու իր առավելությունները։ ԱԳՆ ներկայացուցիչը պարզաբանել է, որ ԵԱՏՄ-ին Տաջիկստանի ինտեգրման հարցը չի քննարկվել ոչ հանրապետության նախագահի, ոչ էլ երկրի արտաքին գործերի նախարարի հանդիպումների ժամանակ: Նա մանրամասնել է, որ Դուշանբեում ռուսական կողմի հետ վերջերս տեղի ունեցած բանակցությունների ժամանակ շեշտը դրվել է բացառապես առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար համագործակցության ընդլայնման, տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների գործակցությանը վերաբերող հարցերի վրա:
ԻՐԱՆԸ ԾՐԱԳՐՈՒՄ Է ԳԱԶԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑ ՍՏԵՂԾԵԼ
Իրանը Ռուսաստանի, Կատարի և Թուրքմենստանի մասնակցությամբ ծրագրում է գազային հանգույց ստեղծել Ասալույե արդյունաբերական շրջանում, որը գտնվում է Պարսից ծոցի հյուսիսային ափին գտնվող Բուշեհր նահանգում՝ հայտարարել է Իսլամական Հանրապետության նավթի նախարար Ջավադ Օուջին՝ սակայն չնշելով նախագծի իրականացման հնարավոր ժամկետները։
Անցյալ ամիս նախարարը տեղեկացրել էր, որ Իրանն ու Ռուսաստանը քննարկում են Իսլամական Հանրապետությունում նավթի և գազի 10 նոր հանքավայրերի մշակման հարցը: Նրա խոսքով՝ Իրանի իշխանությունները բանակցություններ են վարում «Գազպրոմի» հետ, որի հետ համատեղ նախագծերը գնահատվում են 40 մլրդ դոլար, մասնավորապես՝ «Գազպրոմը» դիտարկում է Քիշի և Հյուսիսային Փարսի հանքավայրերի շահագործման հնարավորությունը: